Логотип

Սևանում 19-ամյա երիտասարդի սպանությունից հետո կալանավորվածներ կան

Սևանում 19-ամյա Արամ Խաչատրյանի սպանության գործով 2 կալանավորված կա։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։

«Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն)։ Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Ն. Մ.-ի և Ա. Մ.-ի նկատմամբ: Խափանման միջոց է ընտրվել 1 ամսով կալանավորումը»,– նշեցին գերատեսչությունից։

Ըստ ArmLur.am-ի` երիտասարդին սպանել են աղջկա պատճառով, կալանավորված Մ.Ն.-ն և Ա.Ա.-ն անչափահասներ են։

Հիշեցնենք` սպանությունը տեղի է ունեցել փետրվարի 21-ի կեսօրին Սևանի կենտրոնական հրապարակում։ Իրավապահները պարզել են, որ Արամ Խաչատրյանին զանգահարել և կանչել են Սևան, նա եկել է հանդիպման և առանց որևէ բան քննարկելու միանգամից նրան դանակի հարվածներ են հասցրել։ 20-ամյա երիտասարդին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են Սևանի բժշկական կենտրոն, որտեղ նա գիտակցության չգալով՝ մահացել է։ Ավելի ուշ պարզ դարձավ, որ նա զինծառայող է։