Հայկական ծագմամբ ամերիկացի պրոդյուսեր Սև Օհանյանի «Մեղսագործները» (Sinners) ֆիլմը Լոս Անջելեսում կայացած 98-րդ «Օսկար» մրցանակաբաշխությանն արժանացել է չորս մրցանակի, հայտնում է BBC-ն։
Ֆիլմը հաղթել է «Լավագույն դերասան», «Լավագույն օրիգինալ սցենար», «Լավագույն երաժշտություն» և «Լավագույն օպերատորական աշխատանք» անվանակարգերում։ Լավագույն դերասան է ճանաչվել Մայքլ Բի Ջորդանը, լավագույն օրիգինալ սցենարի համար մրցանակ է ստացել ֆիլմի սցենարիստ Ռայան Քուգլերը, լավագույն օպերատորական աշխատանքի համար Օսկար է ստացել Օթում Դյուրալդ Արքափոուն։ Լավագույն երաժշտության համար մրցանակ է ստացել ֆիլմի սաունթրեքի հեղինակ Լյուդվիգ Գյորանսոն։
ԻՆՉԻ ՄԱՍԻՆ Է SINNERS-Ը
Sinners ֆիլմի գործողությունները ծավալվում են 1932 թվականին՝ Միսիսիպիի դելտայում։ Պատմության կենտրոնում երկվորյակ եղբայրներ Սմոքն ու Ստեքն են, որոնք երկար տարիների բացակայությունից հետո վերադառնում են իրենց հայրենի փոքրիկ քաղաքը։ Նրանք հասցրել էին մասնակցել առաջին համաշխարհային պատերազմին, իսկ պատերազմից հետո հայտնվել էին Չիկագոյում, որտեղ ներգրավվել էին քրեական աշխարհում։
Վերադառնալով հարազատ վայրեր՝ եղբայրները փորձում են նոր կյանք սկսել։ Նրանք սպիտակամորթ ռասիստ հողատիրոջից գնում են տարածք՝ հին շինություններով, և որոշում այնտեղ բացել երաժշտական բար, որը նախատեսված է պլանտացիաների աշխատողների համար։ Բարը պետք է դառնա մի վայր, որտեղ մարդիկ կարող են մոռանալ ծանր աշխատանքի, աղքատության և ռասայական լարվածության մասին։
Բացման երեկոյի գլխավոր հյուրերից մեկը հովվի որդին է, որին եղբայրները տարիներ առաջ նվիրել էին կիթառ։ Նա նվագում է բլյուզ՝ այնքան վարպետորեն, որ նրա երաժշտությունը գրավում է ոչ միայն տեղի բնակիչների, այլև մի խորհրդավոր օտարականի ուշադրությունը։ Շուտով պարզվում է, որ այդ օտարականը իռլանդացի վամպիր է, որի հայտնվելը փոխում է քաղաքի և բարում հավաքված մարդկանց ճակատագիրը։
Ֆիլմը միավորում է քրեական դրամայի, սարսափի և երաժշտական պատմության տարրերը՝ անդրադառնալով 1930-ականների Ամերիկայում ռասայական հակասություններին, բռնությանը, մեղքի և փրկության թեմաներին։
ՕՀԱՆՅԱՆԻ ՆԵՐԳՐԱՎՈՒՄԸ ՖԻԼՄՈՒՄ
Օհանյանի ներգրավումը ֆիլմում կապված է նրա պրոդյուսերական կարիերայի և ռեժիսոր Ռայան Քուգլերի համագործակցության հետ։ Ֆիլմի գաղափարը ձևավորվել է Քուգլերի նոր նախագծի զարգացման փուլում, որի պրոդյուսերական թիմում ընդգրկվել է նաև Օհանյանը։
Օհանյանը մասնակցել է նախագծի մշակման, ֆինանսավորման և ստուդիայի հետ բանակցությունների փուլերին։ Sinners-ը սկզբից նախատեսվել է որպես խոշոր նախագիծ, ինչը թույլ է տվել ներգրավել հայտնի դերասանների և մեծ բյուջեով նկարահանումներ իրականացնել։
Ֆիլմը դարձել է Օհանյանի կարիերայի կարևոր փուլ, քանի որ նրա մասնակցությամբ նախագիծը առաջադրվեց «Լավագույն ֆիլմ» անվանակարգում, և նա դարձավ առաջին հայ-ամերիկացի պրոդյուսերը, որը ներկայացվել է այս անվանակարգում։ Սա համարվում է «Օսկար»-ի ամենակարևոր մրցանակը, քանի որ այն շնորհվում է ամբողջ ֆիլմի ստեղծման համար պատասխանատու պրոդյուսերներին։
«Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթող է ճանաչվել ռեժիսոր Փոլ Թոմաս Անդերսոնի Battle After Battle («Մարտը մարտից հետո») ֆիլմը։ Անդերսոնը նույն ֆիլմի համար արժանացել է նաև «Լավագույն ռեժիսոր» մրցանակին։
Ֆիլմի սյուժեն պատմում է Բոբ Ֆերգյուսոնի՝ նախկին հեղափոխական ակտիվիստի մասին, որը կնոջ ձերբակալությունից հետո դստեր հետ թաքնվում է, սակայն 16 տարի անց ստիպված է կրկին առերեսվել անցյալին և միավորվել նախկին գործընկերների հետ՝ նրան փրկելու համար։
Լավագույն դերասանուհի է ճանաչվել Ջեսի Բաքլին Hamnet ֆիլմի համար։
Երկրորդ պլանի լավագույն դերասան և դերասանուհի են ճանաչվել Շոն Փենը (Battle After Battle) և Էմի Մեդիգանը (The Tools)։
Լավագույն ադապտացված սցենարի համար «Օսկար» է ստացել Battle After Battle ֆիլմը։
Լավագույն անիմացիոն ֆիլմ է ճանաչվել K-Pop Demon Hunters, իսկ «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում հաղթել է Sentimental Value ֆիլմը։
Ամերիկյան կինոարվեստի և գիտության ակադեմիայի մրցանակը՝ հայտնի «Օսկար» անունով, հիմնադրվել է 1929 թվականին և շնորհվում է կինոարվեստի զարգացման մեջ ներդրում ունեցած գործիչներին։
Օհանյանի ֆիլմը փետրվարին 68-րդ «Գրեմմի» մրցանակաբաշխությանն արժանացել էր երկու մրցանակի՝ «Լավագույն երաժշտություն տեսողական մեդիայում» և «Լավագույն կոմպիլյացիոն սաունդթրեք տեսողական մեդիայում» անվանակարգերում։
Armenia Today
