Հայ ռազմագերիների հարցն ամենակարևոր հարցերից է և պետք է լուծվի խստագույնս պահպանելով միջազգային մարդասիրական իրավունքը, NEWS.am-ին տված հարցազրույցում բացատրել է ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայի IAMP կենտրոնի ղեկավար Վադիմ Կոզյուլինը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը հայտնի է իր կոշտ դիրքորոշմամբ, սակայն գերիներին չի կարելի դատել որպես ռազմական հանցագործների։ «Սա մարդասիրական հարց է, և կարևոր է հավասարակշռված որոշում՝ այս մարդկանց տուն ուղարկել», – ընդգծել է փորձագետը։ Նա հիշեցրել է, որ ադրբեջանական բանտերում են նաև Ռուսաստանի քաղաքացիները, որոնց անմեղությունը, ըստ նրա, ակնհայտ է։
Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորքերի վաղաժամկետ դուրսբերման վերաբերյալ հարցին պատասխանելով՝ նա նշել է, որ Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև մերձեցումը, սակայն չի թաքցնում իր մտահոգություններն ու կասկածները այս քայլի հետևանքների վերաբերյալ՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ ռուս-հայաստանյան հարաբերությունների համար։ «Մենք վախենում ենք, որ սա լրջորեն կվնասի մեր հարաբերություններին, քանի որ տեսնում ենք բազմաթիվ ուժեր, որոնք վճռականորեն տրամադրված են խզելու այդ կապերը: Նրանք, ընդհանուր առմամբ, լավ ֆինանսավորված են, ունեն ռազմավարություն, և որոշ դեպքերում այն աշխատում է»,- ընդգծել է փորձագետը։
Խաղաղության հեռանկարների մասին խոսելով՝ Կոզյուլինը նշեց, որ «ճոճանակի էֆեկտը» հաճախ խաթարում է գործող համաձայնագրերը և մատնանշեց ներկա միջազգային իրավիճակի պայթյունավտանգ բնույթը՝ աշխարհում մոտ 120 հակամարտություններով: Նա հավելեց, որ ԱՄՆ-ի միջնորդությամբ կնքված համաձայնագիրը տեղավորվում է Վաշինգտոնի՝ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու ավելի լայն ռազմավարության մեջ, և նման նախաձեռնությունները հաճախ ուղեկցվում են խոստումներով, որոնք հետագայում չեն կատարվում։
Կոզյուլինը նաև ընդգծեց, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցությունն օբյեկտիվ օգուտներ է բերում երկրին: Նա նշեց, որ միությունը հնարավորություն է տալիս մուտք գործելու ռուսական և այլ շուկաներ և նոր հնարավորություններ է ստեղծում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի և համատեղ տեխնոլոգիական նախագծերի համար։
Միևնույն ժամանակ, փորձագետը նշեց, որ ԵԱՏՄ շրջանակում երբեմն առաջանում են տեխնիկական և կազմակերպչական դժվարություններ։ Ճշգրտող հարցին՝ Ռուսաստանում վերջերս ընդունված օրենքի մասին, որը սահմանափակում է երկրում օտարերկրյա քաղաքացիների մնալը 90 օրով, ինչը որոշակի խնդիրներ է ստեղծել Հայաստանից բեռնափոխադրումների և արտահանման համար, ի պատասխան Կոզյուլինը նշեց. «Նման անհամաձայնություններն անխուսափելի են, բայց գոյություն ունեն ԵԱՏՄ մեխանիզմներ դրանք լուծելու համար, որոնց թվում՝ քարտուղարությունը և Հայաստանի ներկայացուցիչները, որոնք աշխատում են նման անհամապատասխանությունները վերացնելու ուղղությամբ: Ընդհանուր առմամբ, առաջընթաց է գրանցվել, և այս հարցերն աստիճանաբար լուծվում են»:
