Փարաքարի նախկին համայնքապետ Վալոդյա Գրիգորյանին սպանելու փորձեր էլի են եղել։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» օրաթերթը։
«Իրավապահները հայտարարում են, որ Վալոդյա Գրիգորյանի սպանությունը վենդետա է, սակայն նրա հարազատները համաձայն չեն և գոհ չեն նախաքննության ընթացքից։ Հանգուցյալ համայնքապետի ընտանիքի մտերիմներից մեկը պատմել է, որ սպանության մեջ մեղադրվող Գևորգ Հարությունյանը տևական ժամանակ հետևել է Վալոդյա Գրիգորյանին։ Փորձել է հասկանալ, թե Գրիգորյանն ուր է գնում, ինչ է անում, մի քանի անգամ սպանելու փորձ է արել, սակայն չի հաջողել»,- գրում է թերթը։
Պարբերականը նշում է, որ իրավապահները հրաժարվում են նախաքննության մանրամասներ հաղորդել:
Թերթը նաև գրում է, որ ըստ Գրիգորյանի մտերիմների՝ սպանության «գլխին կանգնած է» Մերձավանի նախկին համայնքապետ, ՔՊ-ական Մհեր Ախտոյանը, որը դեպքից օրեր առաջ լքել է Հայաստանը։
Հիշեցնենք` սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան Մերձավանում` Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի նորակառույց առանձնատան հետնամասում, դիմակավորված, ձեռնոցներով անձը մոտեցել է կանգնած 3 անձանց, կրակահերթ արձակել և հեռացել: Միջադեպի հետևանքով սպանվել են Վալոդյա Գրիգորյանը և ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը, որը դեպքի պահին ծառայության մեջ չի եղել։ Դեպքի վայրում վիրավորում է ստացել ևս մեկ քաղաքացի` Արծրուն Գալստյանը։
Հանցագործությունը կատարելու կասկածանքով սեպտեմբերի 26–ին ձերբակալվել է Նարեկ Օհանյանը, որը Մերձավանի նախկին համայնքապետ, ՔՊ-ական Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին է և այս տարվա փետրվարին Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրը: Սեպտեմբերի 28-ին ձերբակալվել է Գևորգ Հարությունյանը, որը խոստովանել է, որ ինքն է կատարել սպանությունը, հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հրազենը։
Sputnik Արմենիա
