Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությունը բացահայտված չէ. ենթադրյալ սպանություն կատարած անձի բացահայտումը կամ խոստովանական ցուցմունքները չի նշանակում հանցագործության բացահայտում։ Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։
«Ակնհայտ է, որ այնտեղ կազմակերպված, պլանավորված սպանություն է եղել։ Բազմաթիվ հարցեր ու մտահոգություններ կան, որոնցով իրավապահ մարմինները պետք է զբաղվեն` ովքեր են աջակցել սպանությանը, կազմակերպել, հնարավոր է՝ պատվիրատուներ լինեն, չեմ բացառում, որ այլ անձինք ևս տեղեկացված լինեն սպանության մասին։ Իրավապահների տված տեղեկատվությունից պարզ է դառնում, որ մի քանի ամիս առաջ արդեն տեղի է ունեցել սպանության նախապատրաստում, պլանավորում, ինչը մեզ մոտ առնվազն մտահոգություն է առաջացնում, որ տեղեկատվորւթյան մակարդակում այլ անձինք նույնպես ներգրավված են»,– ընդգծեց Առաքելյանը։
Այդ պատճառով նա կոչ արեց` ավելորդ քաղաքական հայտարարություններ չանել այս գործի հետ կապված, դատարանի գործառույթ չիրականացնել. հանցագործությունը կբացահայտվի, կլինի դատարանի վճիռ։
Հարցին, որ Մերձավանում վերջին օրերին տարատեսակ միջադեպեր են տեղի ունենում, անգամ` ծեծկռտուք է տեղի ունեցել, Առաքելյանը վստահեցրեց, որ այդ ամենից տեղյակ չէ, մամուլից է տեղեկացել, և այդ ամենն իրավապահ համակարգի գործառույթն է։
«Նորմալ է, որ որոշ մարդկանց մոտ որոշակի լարվածություն լինի, քանի որ համայնքում մթնոլորտն ընդհանուր առմամբ ծանր է Վալոդյա Գրիգորյանի սպանությունից հետո»,– նշեց նա։
Ինչ վերաբերում է այսօր Փարաքար համայնքի նոր ղեկավարի ընտրությանը, ապա Առաքելյանն ասաց, որ ամբողջ թիմը, կուսկացությունը համայնքի նոր ղեկավարի կողքին է, և Վալոդյա Գրիգորյանի ժամանակ համայնքի բնակիչներին տրված բոլոր խոստումներն իրականացվելու են։
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանն էլ նշեց, որ սպանություն կատարողին բացահայտել՝ դեռ չի նշանակում ոճրագործին բացահայտել։
«Մենք մինչև վերջ գնալու ենք, յուրաքանչյուր ոք պատասխան է տալու այս ոճրագործության համար` իրենց տեղյակ լինելու, իրենց լռելով, իրենց ոչինչ չանելով, աջակցելով, իրենց երաշխիքներ տրամադրելով։ Յուրաքանչյուր ոք պատասխան է տալու այս ոճրագործության համար»,– հայտարարեց Թանդիլյանը։
Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար ընտրվեց «Միասնություն» դաշինքը (ներառված են «Ապրելու երկիր» և «Հաղթանակ» կուսակցությունները-խմբ.) ներկայացնող Օնիկ Ախվերդյանը։ Նա միակ թեկնածուն էր և ընտրվեց միաձայն։ Օնիկ Ախվերդյանը նախընտրական ցուցակում հաջորդում էր Փարաքար համայնքի սպանված ղեկավար Վալոդյան Գրիգորյանին։
Sputnik Արմենիա