Логотип

Հայաստանում 1 շաբաթվա ընթացքում 2 փաստաբանների կալանավորման նպատակը վախի մթնոլորտի տարածումն է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը։

Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ կալանավորվել է փաստաբան, «Մեր ձևով» շարժման անդամ Ռուբեն Մխիթարյանը։ Օրեր առաջ էլ դատարանը կալանավորման որոշում էր կայացրել փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի վերաբերյալ։ Փաստաբանների նկատմամբ հարուցված քրեական հետապնդումն ու կալանավորումը դատապարտել է Հայաստանի Հանրապետության Փաստաբանների պալատը։

«Սա վախ ձևավորելու նպատակ է հետապնդում, որ մյուս փաստաբանները նման հայտարարություններով հանդես չգան կամ հրաժարվեն վերցնել, պաշտպանել այն քաղաքական, հանրային գործիչների գործերը, որոնք իրենց անհամաձայնությունն են հայտնում Հայաստանում տեղի ունեցող պրոցեսների վերաբերյալ»,- նշեց Վարդազարյանը։

ԲԴԽ նախկին նախագահը վստահ է՝ այն, ինչ հիմա տեղի է ունենում, բացասական է անդրադառնալու Հայաստանի միջազգային վարկանիշի վրա։

Այս համատեքստում Վարդազարյանը նշում է՝ այն, որ քննչական մարմինները (Հակակոռուպցիոն և Քննչական կոմիտեներ, դատախազություն և այլն) նման գործելաոճ են ընտրել, իր տրամաբանության մեջ տեղավորվում է, քանի որ նրանք «ուղղահայաց ենթակայություն ունեն գործադիր իշխանությունից»։ Առավել անհանգստացնող է դատական իշխանության «լուռ դակիչ լինելու հանգամանքը»։

«Այ սա է, որ Հայաստանի Հանրապետության վարկանիշը շրիշակի մակարդակից ցածր է դարձնում։ Ես չեմ տեսնում դատական իշխանության կողմից որևէ դիմադրություն այդ քաղաքական պրոցեսների նկատմամբ։ Ես շատ երկար եմ աշխատել դատական իշխանությունում և ամեն ինչ տեսել եմ, ամեն ինչի միջով անցել եմ, բայց չեմ տեսել նման ցածր, ստորացված դատական համակարգ։ Միշտ տեսել եմ պայքարող դատավորներ, որոնք դիմադրել են, մերժել են, առճակատման են գնացել դատախազության այն մոտեցումների հետ, որոնց հետ համաձայն չեն եղել»,- ասաց Վարդազարյանը։

Նրա խոսքով՝ նախկինում եղել են դեպքեր, երբ դատական համակարգը կատարել է, այսպես ասած, դատախազության կամքը, սակայն դրանք մատների վրա կարելի էր հաշվել։ Մինչդեռ այսօր դատական իշխանությունն անվերապահ հնազանդություն է դրսևորում։ Երբեմն դատավորներին համեմատում են նոտարների հետ՝ ասելով, թե «ինչ բերում են, դակում են»։ Վարդազարյանի խոսքով՝ համեմատությունը տեղին չէ, քանի որ նոտարը թեկուզ և վավերացնող մարմին է, բայց պարտադիր ստուգում է այդ վավերացվող փաստաթղթի օրինականությունը։

«Հիմա մեր դատական իշխանությունը ոչ միայն արդարադատություն չի իրականացնում, նույնիսկ էդ դակվող փաստաթղթերի օրինականությունը չի ստուգում, աչքերը փակ՝ ինչ բերում են, դակում են»,- նշեց ԲԴԽ նախկին նախագահը։

Մատնանշում է արդարադատության խորհրդանիշ Ֆեմիդայի պատկերը․ ասում է՝ նրա աչքերը փակ են ոչ թե նրա համար, որ արդարադատությունը պետք է աչքերը փակ գործի, այլ որ կողմնապահություն, գայթակղություն չպետք է ունենալ։

Վարդազարյանը նաև մտահոգված է միջազգային կառույցների, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների լռությունից։ Բայց վստահ է՝ գալու է այն օրը, երբ այս ամենը «դրվելու է Հայաստանի Հանրապետության դիմաց և հաշիվ է պահանջվելու»։

«Ցավոք, դա այս իշխանություններից չեն պահանջելու, այլ հաջորդ։ Տարիներ անց մենք բազմաթիվ գործեր ենք ունենալու Եվրոպական դատարանից, որոնք որ արձանագրելու են մարդու իրավունքների, արդար դատաքննության իրավունքների խախտում, և այս ամենի հատուցողը լինելու է Հայաստանի Հանրապետությունը, այսինքն՝ ես, դուք, մեր երեխաները, մեր թոռները»,- նշեց նա։

Հավելեց՝ փաստաբանին գետնին պառկեցնելը, նսեմացնելը չեն կարող որևէ հիմնավորում ունենալ, բացի քաղաքականից։ Կալանքն էլ վերածվել է պատժամիջոցի, ու դա քաղաքական իշխանության՝ «մոլուցքի հասնող ցանկությունն է»։

Նրա խոսքով՝ այս մոլուցքը միշտ եղել է, բայց դրա դեմ պայքարել են միջազգային, իրավապաշտպան կառույցները, քաղհասարակությունը, դատական իշխանությունն է դիմադրել՝ այլընտրանքային խափանման միջոցներ ընտրելով։ Այն, ինչ հիմա է կատարվում, Վարդազարյանի խոսքով` քաղաքական նպատակահարմարությունից ելնելով է արվում։

Sputnik Արմենիա