Логотип

Վահագն Չախալյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով

«Սրբազան պայքար» շարժման աջակից Վահագն Չախալյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով՝ համակցված չբացակայելու արգելքով։

Նշենք, որ Բագրատ սրբազանի և «Սրբազան պայքարի» 17 աջակիցների գործով դատական նիստն ընթանում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ։

Ավելի վաղ Վահագն Չախալյանի պաշտպանը միջնորդություն էր ներկայացրել, որ վերջինի ընտանիքը բնակվում է Քասախ գյուղում, 2 անչափահաս երեխաները Երևանում դպրոց են հաճախում, ինչը մեծ դժվարություն է դարձել ընտանիքի հոր ազատազրկումից հետո։ Չախալյանի ավագ որդին ուսանող է, որի տարեկան ուսման վարձը 950 հազար դրամ է, դուստրը մասնավոր դպրոցում է սովորում, տարեկան ուսման վարձն 850 հազար դրամ է, բացի այդ ընտանիքն ունի հիփոթեքային վարկ և այլևս չի կարողանում ժամանակին կատարել վճարումները։ Ընտանիքի ֆինանսական ամբողջ բեռը Վահագն Չախալյանի ուսերին է։

Մինչ դատարանի որոշում կայացնելը մեղադրող կողմն ընդգծեց, որ այս ընթացքում ի հայտ չեն եկել փաստահեն և իրավահեն այնպիսի հանգամանքներ, որոնք հնարավորություն կտային Վահագն Չախալյանի խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ դիրքորոշում հայտնել։

«Մեղադրանքի կողմը գտնում է, որ իրավաչափության պայմանների վերաբերյալ առնվազն մինչ այս պահը որևէ փաստ չի ներկայացվել, ուստի առկա է ընտրված խափանման միջոցի պահպանման և դրա երկարաձգման անհրաժեշտություն»,- ասաց դատախազը։

Փաստաբանն էլ վստահեցրեց դատարանին, որ իր պաշտպանյալի մասնակցությամբ այլ քրեական գործի շրջանակում ազատության մեջ եղած ժամանակ Չախալյանը նույնիսկ թույլտվություն է ունեցել երկրից բացակայելու։ Անհրաժեշտությունից ելնելով նա մեկնել է ՀՀ-ից, բայց սահմանված ժամկետներում վերադարձել է, ինչը, ըստ փաստաբանի, նշանակում է, որ Չախալյանը հանցանք գործելու որևէ միտում չունի։

«Պետք է դիտարկել արդեն շուրջ 8 ամիս ուղղիչ հիմնարկում գտնվելու ընթացքում իր պահելաձևը և կարգապահության կանոններին ենթարկվելու հանգամանքը։ Առ այսօր և՛ դատարանին, և՛ հանրային մեղադրողներին, և՛ պաշտպանական կողմին որևէ տվյալ հայտնի չէ, որ Վահագն Չախալյանը ՔԿՀ-ում եղած ժամանակ ոչ պատշաճ վարքագիծ է դրսևորել կամ հանցանք կատարելու միտում է ունեցել։ Ի դեպ, եթե տնային կալանք կիրառվի, միևնույնն է` տարբերություն չի լինելու, քանի որ այնուամենայնիվ զրկված է լինելու աշխատելու ու իր ընտանիքը պահելու հնարավորությունից»,- ասաց փաստաբանը։

Պաշտպան Արամ Վարդևանյանն էլ ընդգծեց, որ գրավ կիրառելն էլ այս դեպքում մեծ ֆինանսական բեռ է լինելու, քանի որ ընտանիքին ֆինանսով ապահովողն 8 ամիս է` մեկուսացած է։ Նա հույս հայտնեց, որ մարդասիրության սկզբունքն էլ դեռ չի վերացել, չնայած չբացառեց նաև, որ մի օր քրեական դատավարության օրենսգրքի տրամաբանությամբ մարդասիրության սկզբունքը չպետք է գործի։ Ըստ Վարդևանյանի՝ դժվար է այս դատավարության ընթացքում խոսել մարդասիրությունից, որտեղ մեղադրյալի աթոռին նստած է Գարիկ Գալեյանը, որը Հայաստանին հերոս է տվել։

Դատավոր Կարեն Ֆարխոյանը շեշտեց` դատարանը գտնում է, որ առկա ռիսկերը գնալով նվազում են, բայց ոչ այն աստիճանի, որ հնարավորություն լինի ազատության հետ կապված խափանման միջոց կիրառել։ Դատարանը համարում է, որ մարտի 4-ից, երբ խափանման միջոց կալանքի ժամկետը լրանում է, այն պետք է փոխարինվի տնային կալանքով՝ 3 ամիս ժամկետով։ Ֆարխոյանը շեշտեց, որ հաշվի առնելով ընտանիքի նյութական վիճակը՝ գրավ չի կիրառվի, բայց համակցված կլինի բացակայելու արգելքը։

«Տնային կալանքի ընթացքում չպետք է օգտվեք հաղորդակցության տարբեր ձևերից, տանը հյուրեր ընդունեք, բացառություն են կազմում մերձավոր ազգականները, ձեզ հետ նույն տանը բնակվողներն ու պաշտպանները։ Մյուս անձանց հետ իրավունք չունեք այդ հասցեում շփվել»,- ասաց Կարեն Ֆարխոյանը։

Տնային կալանքը Չախալյանը պետք է կրի Կոտայքի մարզի Նաիրի համայնքի Քասախ գյուղում` Հարությունյան փողոցի 8/1 հասցեում։

Հիշեցնենք` «Կամք» նախաձեռնության ղեկավար և ակտիվիստ Վահագն Չախալյանը կալանավորված է 2025 թվականի հուլիսի 5–ից։

Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։

Sputnik Արմենիա