Логотип

Վահան Քերոբյանը չի կալանավորվի

ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը չի կալանավորվի։ Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ քննչական կոմիտեի ներկայացրած միջնորդությունը։ Այս մասին հայտնել է Քերոբյանը։

«Ինձ հետ ամեն ինչ լավ է, հակակոռուպցիոն դատարանը մերժեց ոչ միայն ինձ, այլև հինգ տարի քննվող և ավելի քան տասը տարվա վաղեմության դեպքերին վերաբերող գործով անցնող կարծես թե մյուս բոլոր մեկ տասնյակից ավելի մեղադրյալներին կալանավորելու միջնորդությունները»,–գրել է ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարարը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ քրեական վարույթ է նախաձեռնվել հանցավոր կազմակերպության անդամների կողմից 2008-2014 թթ․ Երևան համայնքին պատկանող շուրջ 73.8 հա մակերեսով հողատարածքները հափշտակելու, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու վերաբերյալ։

Ձերբակալվել է 9 անձ, այդ թվում՝ ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը։ ՔԿ-ն միջնորդություններ է ներկայացրել դատարան բոլոր 9 անձանց կալանավորելու վերաբերյալ։

Հիշեցնենք` Վահան Քերոբյանն անցնում է նաև կոռուպցիոն չարաշահումների գործով։ 2024-ի փետրվարի 16-ին նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը` 2 ամիս ժամկետով։ Ապրիլի 13-ին նրա նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարաձգվեց ևս 2 ամսով։ 2024թ․ հունիսի 15-ին տնային կալանքի ժամկետն ավարտվեց, և վերացվեցին բոլոր սահմանափակումները։

Sputnik Արմենիա