Логотип

Վահե ԴԱՎԹՅԱՆ․ ԲԱՔՎԻ ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒՆԻ ՇԱՏ ՀՍՏԱԿ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՉԱՓՈՒՄ

Դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների վերացման մասին Բաքվի որոշումն ունի շատ հստակ աշխարհաքաղաքական չափում:

Իր որոշմամբ Բաքուն ցույց է տալիս, որ Հարավային Կովկասում հնարավոր է ձևավորել դիվերսիֆիկացված, իսկ ավելի ճիշտ՝ ռուսական ազդեցությունից դուրս գտնվող տրանսպորտային-լոգիստիկ համակարգ:

Մասնավորապես, Ղազախստան-Ադրբեջան-Վրաստան-Հայաստան երթուղով ցորենի փոխադրումը լիովին տեղավորվում է ՛՛Միջին միջանցք՛՛ ռազմավարության մեջ, որի առանցքային նպատակն է ձևավորել Ռուսաստանը շրջանցող երթուղի՝ Եվրոպա-Կովկաս-Ասիա հաղորդակցության ներքո՝ նպատակ, որը երբևէ չի թաքցվել նախագծի շահառուների կողմից:

Ինչու՞ են Բաքուն ու Երևանը պայմանավորվել հենց Ղազախստանից ցորենի տարանցման ու ներկրման մասին, այլ ոչ թե, օրինակ, Ռուսաստանից՝ հաշվի առնելով, որ 2024 թ. Հայաստանի հացահատիկի պահանջարկի 99,9%-ը, իսկ ցորենի՝ մոտ 50 %- ը բավարարվել է հենց Ռուսաստանից ներկրումների միջոցով:

Նախ՝ Ղազախստանը «Միջին միջանցքի» առանցքային խաղացողներից է, որը հանդես է գալիս որպես Եվրոպա-Կովկաս-Ասիա լոգիստիկայի կարևոր հանգույց: Վերջինս, ինչպես գիտենք, ռուս-իրանա-հնդկական ՛՛Հյուսիս-Հարավ՛՛ նախաձեռնության գլխավոր անտագոնիստն է:

Ս.թ. օգոստոսին Ղազախստանը 5-ամյա դադարից հետո վերակագնեց ցորենի և ալյուրի արտահանումը Ադրբեջան, Վրաստան և Իրան: Հավանաբար, այս ֆոնին Երևանի ու Աստանայի միջև ձեռք է բերվել համաձայնություն ներկրման մասին, ինչին արձագանքել է Բաքուն՝ ելնելով սեփական գեոտնտեսական հաշվարկներից:

Այդ հաշվարկներն առավել քան հստակ են՝

հնարավորինս զարկ տալ տարածաշրջանում «Միջին միջանցքի» դիվերսիֆիկացմանը ու դրանով իսկ բարձրացնել սեփական կշիռը Եվրոպայում: Վերջինս տեսնում է Հայաստանը որպես Global Getaway նախաձեռնության մասնակից, այսինքն՝ նույն ՛՛Միջին միջանցքի՛՛ մաս, որը պատրաստ է Սյունիքով հաղորդակցություն տրամադրել՝ Կասպիից Եվրոպա ածխաջրածինների անխոչընդոտ արտահանման համար (՛՛Անդրկասպյան գազամուղ՛՛): Սա, իր հերթին, թույլ կտա Ադրբեջանին կատարել ԵՄ առաջ ստանձնված պարտավորությունները՝ 2027 թ.-ից ի վեր կրկնապատկելու բնական գազի մատակարարումները:

PR չափման մեջ այս ամենը ներկայացվելու է որպես նախագիծ, որը կոչված է ապահովելու Հայաստանի տրանսպորտային կապը Եվրոպայի ու Ասիայի հետ:

Վատ առիթ չէ նախընտրական քարոզչության համար:

Վահե ԴԱՎԹՅԱՆ, ֆեյսբուքյան էջ