Սյունիքի նախկին մարզպետ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Վահե Հակոբյանը դատի է տվել ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանին։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Հայցադիմումը ստացվել է մարտի 13-ին, մակագրվել Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Գայանե Մազմանյանին։
Վահե Հակոբյանը Արմեն Խաչատրյանից պահանջում է հերքել ֆեյսբուքյան գրառման մեջ հայտնած տվյալները, որոնք, ըստ հայցադիմումի, զրպարտություն են։ Խաչատրյանը գրառումը կատարել էր՝ անդրադառնալով դատախազության ներկայացրած ապօրինի գույքի բռնագանձման պահանջին։
Հիշեցնենք, որ փետրվարի 17-ին դատախազությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է, որ դատախազությունը պահանջում է Վահե Հակոբյանից բռնագանձել 12 շարժական ու անշարժ գույք գույք և շուրջ 21 մլն դոլար գումար։
Այս առնչությամբ, Արմեն Խաչատրյանը գրառում էր արել՝ նշելով. «2020 թվականի պատերազմից հետո, օգտվելով երկրում ստեղծված վիճակից, փորձում էր Սյունիքը դարձնել պետության դեմ պայքարի օջախ և պառակտել երկիրը․․․ Ահա թե ինչու էր Վահե Հակոբյանն արմատական ընդիմադիր դարձել և կատաղի պայքար մղում պետության դեմ. գիտեր, որ երկրից և ժողովրդից թալանածը հետ պիտի տար, գիտեր, որ պետությունը մեխանիզմներ է ստեղծում, որով բոլոր գողոնները մի օր վերադարձվելու են»։
Վահե Հակոբյանը պահանջում է հրապարակավ հերքում և 1 միլիոն ՀՀ դրամ՝ որպես զրպարտության դիմաց վնասի փոխհատուցում։
News.am
