Վաղարշապատ խոշորացված համայնքում ընտրությունների վերաբերյալ: Կարևորը դասեր քաղելն է։ Այս առումով Փաշինյանից սովորելու շատ բան կա։ Գյումրիի ընտրությունները վարչապետի համար ահազանգ էին, և Վաղարշապատում՝ հանրապետական ընտրություններից առաջ ՏԻՄ վերջին ընտրություններում, «Քաղաքացիական պայմանագիրը» ջանաց ողջ թափով։
ՕԳՏԱԳՈՐԾՎԵՑԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՍԱՆԵԼԻ ԳՈՐԾԻՔՆԵՐԸ, և արդյունքում իշխող կուսակցության թեկնածուն առաջ անցավ ընդդիմությունից Վաղարշապատին միացված Խոյ համայնքի ձայների հաշվին, որի մի շարք բնակավայրերում նկատվում է հայտնի աղանդների ներկայացուցիչների գերակշռում։ Այո, «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթեց, բայց 2021 թվականի հանրապետական ընտրությունների համեմատ նա կորցրել է հազարավոր ձայներ։ Կարելի է ասել՝ հաղթանակ պլոկեցին վարչական ռեսուրսի գործիքակազմի հմուտ օգտագործման, դե, նաև ընդդիմության ձայների որոշակի փոշիացման հաշվին՝ ընտրական շեմը չանցած ընդդիմադիր ուժերի «շնորհիվ»։
Փաշինյանը հասկանում է, որ հանրապետական ընտրություններում հաճո-անհաճո ընտրազանգվածի միացման-անջատման հնարքը չի անցնի. ամբողջ հանրապետությունը լինելու է փաստացի մեկ ընտրատարածք։ Մեկ մեծ ընտրատեղամաս բոլորի համար, և իրականում հնարավոր է միայն երկու սցենար. կա՛մ «Վաղարշապատի», կա՛մ «Գյումրիի»։
Առաջին սցենարով Փաշինյանը չի հավաքում բաղձալի 50%+ ձայները, բայց հաղթում է փոշիացված, այսինքն ընտրական շեմը չհաղթահարած քաղաքական ուժերին տրվելիք ձայների շնորհիվ։ Ինչպես հայտնի է, այդ ձայները առավելապես անցնում են այն ուժին, որը հարաբերական մեծամասնություն է հավաքում, իսկ դա մեծ հավանականությամբ իշխող կուսակցությունն է՝ իր վարչական ռեսուրսով։
«Գյումրիի» սցենարը ենթադրում է, որ իշխող կուսակցությունը հավաքում է ձայների հարաբերական մեծամասնություն, բայց կորցնում է իշխանությունը, քանի որ վարչապետ է դառնում խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերի կոալիցիայի թեկնածուն։ Իրատեսական սցենար է, եթե Փաշինյանը որևէ ֆորս-մաժոր չհորինի՝ արգելելով այս կամ այն քաղաքական ուժի մասնակցությունն ընտրություններին։ Դա բացառել չի կարելի, քանի որ Վաղարշապատի ընտրությունները ցույց տվեցին, որ «Քաղաքացիական պայմանագրի» ամրության պաշարը մեծ չէ, իսկ արբանյակ կուսակցությունների վրա հույս դնել չարժե. դրանք ցածր են գնահատվում ընտրական բորսայում։
Բայց քաղաքական ուժի արգելման սցենարը ռիսկային բան է։ Նախ՝ բոլորին չես արգելի, երկրորդ՝ հեղափոխական գործընթացների վտանգ կա։ Նիկոլ Վովաևիչը, անշուշտ, կնախընտրի խուսափել դրանից, ապավինելով «խաղաղության օրակարգին» և Ալիևի նետած կռճոններին։
Խորհրդարան անցած ընդդիմադիր կուսակցությունների կոալիցիայի սցենարը կարող է իրական սպառնալիք դառնալ իշխանության համար, եթե «Մեր ձևով» շարժումն ավարտի իր փոխակերպումը կուսակցության և արդեն այսօր ակտիվորեն զբաղվի տեղերում իր ընտրական շտաբների ձևավորմամբ։
Որքան ավելի շուտ «Մեր ձևով» շարժումն անցնի կուսակցաշինության փուլին, այնքան շուտ նրա հետ միավորվելու կձգտեն ընդդիմադիր քաղաքական այն կուսակցությունները, որոնք իսկապես ցանկանում են հեռացնել ներկայիս թիմին իշխանությունից, բայց հասկանում են, որ միայնակ իրենք անելիք չունեն 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում։ Նկատի առնելով, որ հիմքեր չկան խոսելու այն մասին, թե ապագա խորհրդարանում սկզբունքային կոշտ դիմակայության պայմաններում կարող են ներկայացված լինել 4-ից ավելի կուսակցություններ կամ ընտրական դաշինքներ:
