Логотип

Վաղ առավոտյան դիմակավորված անձինք մտել են Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի տները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վաղ առավոտյան դիմակավորված անձինք մտել են «Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանի տուն։ Այս մասին Սաղաթելյանը հայտնել է սոցցանցի իր էջում։

«Հենց էս պահին դիմակավորված անձինք մտնում են մեր տուն»,–գրել է Սաղաթելյանը առավոտյան 7։12 րոպեին։

Փաստաբան Ռուբեն Մելիքյանն էլ տեղեկացրել է, որ ուժայինները խուզարկություն են սկսել նաև հաղորդաշարի մյուս համահեղինակի` Նարեկ Սամսոնյանի տանը։

«Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակ Նարեկ Սամսոնյանը ձերբակալվել է,- հայտնում է Մելիքյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ վաղ առավոտից դիմակավորված անձինք մտել են «Իմնեմնիմիիի» համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի տներ։

«Նարեկ Սամսոնյանին ձերբակալեցին ու տարան քննչական։ Նույնը հավանաբար կանեն Վազգենին։ Կարված հոդվածը՝ հին ու բարի խուլիգանություն»,- գրել է Մելիքյանը։

Մինչ այդ նա նաև հայտնել էր, որ Սամսոնյանի տան մոտ է, սակայն իրեն թույլ չեն տալիս մուտք գործել բնակարան` խոչընդոտելով իր մասնագիտական գործունեությանը։

Sputnik Արմենիային ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ։