«Վանաձոր» բժշկական կենտրոնի բժիշկներին հաջողվել է փրկել այսօր Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանից իրենց մոտ տեղափոխված 22-ամյա Էրիկ Դ.-ի կյանքը։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Վանաձորի դատարանում 22–ամյա երիտասարդի են դանակահարել։ Նրան դանակահարել են դատարանի ներսում:
Կայքի տեղեկություններով` երիտասարդը դանակի հարվածը ստացել է կրծքավանդակի ձախ հատվածում։ Էրիկ Դ.–ն, որպես կասկածյալ, ներգրավված է եղել 2024 թ. հուլիսի 17–ին մի խումբ անձանց հետ առանձնակի դաժանությամբ Ստեփանավանի բնակիչ 21–ամյա Հայկ Մ.-ին սպանելու գործում։
Նրանք կասկածվում են Հայկ Մ.–ին սպանելու, ապա դին այրելու և Ստեփանավանի վարչական տարածքում՝ դաշտամիջյան տարածքում հողով և քարերով թաքցնելու մեջ։
Ամիսներ տևած քննչական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել էր այն վայրը, որտեղ նրանք թաղել էին իրենց զոհի մարմինը։
Shamshyan.com–ը նշում է, որ այսօր` դատական նիստին, սպանվածի հարազատներից մեկն էր վրեժխնդիր լինելու նպատակով դանակով հարվածել Էրիկ Դ.-ին։
Հիշեցնենք, որ 2024 թ, հուլիսի 17-ին ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ թոռը` 2003 թ. ծնված Հայկ Մաղաքյանը, հուլիսի 9-ին տնից դուրս է եկել և չի վերադարձել: Ավելի ուշ պարզվել է, որ հուլիսի 9-ի լույս 10-ի գիշերը Լոռի Բերդ համայնքում երեք ընկերներ և նրանցից մեկի եղբայրը անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, փոխլրացնելով միմյանց գործողությունները, կյանքից զրկել են Հայկ Մաղաքյանին և դին «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել, ապա հրկիզել ու թաղել են Ստեփանավան քաղաքի մերձակա դաշտում։ Սեպտեմբերի 25–ին բոլոր չորսի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Նրանցից երեքը ձերբակալվել են. խափանման միջոց ընտրվել է կալանքը: Ստեփանավան քաղաքի մերձակա դաշտում դիակը հրկիզել էին ու թաղել։
Sputnik Արմենիա
