ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը վստահեցնում է, որ իր ղեկավարման տարիներին ՀԱՊԿ-ը երբևէ չի խոչընդոտել ՀՀ-ին սպառազինություն ձեռք բերելու հարցում։ Նա այդ մասին ասաց Հակակոռուպցիոն դատարանում հերթական նիստից հետո լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։
Փաշինյանը հունվարի 28-ին Բանակի օրվա կապակցությամբ հղած իր շնորհավորական ուղերձում հերթական անգամ մեղադրել էր ՀԱՊԿ-ին ՀՀ-ի նկատմամբ ունեցած պայմանագրային պարտականությունները չկատարելու համար։ Բացի այդ, նա նշել էր, որ ՀԱՊԿ-ի անդամ լինելը խոչընդոտ է եղել, որ միջազգային տարբեր գործընկերներ չհամաձայնեն Հայաստանին սպառազինություն ու ռազմական տեխնիկա վաճառել։
«Մենք ՀԱՊԿ-ի անդամ երկրներից էլ ենք սպառազինություն գնել ու ստացել, արևմտյան երկրներից էլ ենք սպառազինություն գնել ու ստացել, Չինաստանից և այլ երկրներից էլ։ Վատ պարողին ինչ-որ բան խանգարում է»,- ասաց Սերժ Սարգսյանը։
Ինչ վերաբերում է Փաշինյանի դիտարկմանը, թե տարբեր երկրների խուսափել են Հայաստանին զենք վաճառել՝ մտավախություն ունենալով, որ այն կտեղակայվի ՀՀ սուվերեն տարածքից դուրս, ՀՀ երրորդ նախագահը դա համարում է գործընթացի չիմացության արդյունք։ Նա նշեց՝ ցանկացած երկրից զենք ձեռք բերելիս համապատասխան հավաստիացում ես տալիս զենքերի տեղակայման և կիրառման նպատակների մասին։
«Մինչև 2018թ․ մենք այդ զենքերը չէի՞նք օգտագործում ինքնապաշտպանության համար, չէի՞նք տանում Արցախ, չիմացության արդյունք է այն, ինչ նա խոսում է»,- հավելեց Սարգսյանը։
Sputnik Արմենիա
