Դատարանը Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց ևս 3 ամսով։ Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց նրա փաստաբան Զարուհի Փոստանջյանը դռնփակ նիստից հետո։
Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Լևոն Պետրոսյանի նախագահությամբ այսօր մեկնարկած դատական նիստի ժամանակ մեղադրող դատախազը միջնորդություն էր ներկայացրել երկարաձգել կալանքի ժամկետը, քանի որ ըստ դատախազության՝ ավելի վաղ կիրառված խափանման միջոց կալանքի հիմքերը շարունակվում են պահպանվել։ Պաշտպանական կողմն էլ Վարդան Ղուկասյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը վերացնելու, ոչ իրավաչափ, առողջական վիճակի հետ ոչ համատեղելի ճանաչելու վերաբերյալ միջնորդություններ էր ներկայացրել։ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության երեք պատգամավորներ՝ Մհեր Մելքոնյանը, Գառնիկ Դանիելյանն ու Գեղամ Մանուկյանը, երաշխավորություն էին ներկայացրել Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքն այլընտրանքային խափանման միջոցով փոխելու համար։
«Դատարանի կողմից հաշվի չառնվեց այն կարևոր հանգամանքը, թե ով է Վարդան Ղուկասյանը, այսինքն՝ անձին բնութագրող տվյալները, երաշխավորագրերը։ Առկա էին այլընտրանքային խափանման միջոցների հնարավորությունները, սակայն դատարանը բավարարեց շարունակական կալանքը. սա նշանակում է, որ դատարանն իրականացնում է Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը»,– ասաց Փոստանջյանը։
Sputnik Արմենիա
