Логотип

Վարդևանյան․ Սամվել Կարապետյանը ՔԿՀ-ում ունեցել է երկկողմանի թոքաբորբ, որը չի ախտորոշվել

Գործարար, բարերար Սամվել Կարապետյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում գտնվելու ընթացքում երկկողմանի թոքաբորբ է ունեցել, որը չի ախտորոշվել։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց նրա պաշտպանական խմբի Արամ Վարդևանյանը։

Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 30-ին դատարանը փոխեց գործարարի խափանման միջոցը, և կալանքը փոխարինվեց գրավով և տնային կալանքով։ Նույն օրը նա ՔԿՀ–ից տեղափոխվեց տուն։

«Սամվել Կարապետյանը տնային կալանքի պայմաններում այցելեց բժշկական հաստատություն, կատարեց համալիր բուժստուգում, որը չէր ունեցել շուրջ 7 ամիս, և պարզվեց, որ իր մոտ հետանցումային փուլում գտնվող թոքաբորբ է երկկողմանի, որն ախտորոշվել է՝ ունենալով 2 ամիս վաղեմություն։ Այսինքն՝ մարդը ՔԿՀ-ում ունեցել է երկկողմանի թոքաբորբ, և դա չի արձանագրվել, դուք պատկերացնու՞մ եք պայմանները»,- ասաց նա։

Վարդևանյանն ընդգծեց՝ այս իրավիճակում Սամվել Կարապետյանի կողմից որևէ բողոք սրա վերաբերյալ չի եղել, սակայն պաշտպանները սրա մասին համապատասխան գրություններ են ուղարկել։ Պատասխանատու պաշտոնյաները պատասխան գրություններով հայտնել են, թե զննել են, սակայն որևէ առողջական խնդիր չի հայտնաբերվել։

Sputnik Արմենիա