Սամվել Կարապետյանի դեպքով ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորների գործողությունների վերաբերյալ պետք է դիմել Գինեսի ռեկորդների գրքի համապատասխան հանձնաժողովին։ Այսօր՝ նոյեմբերի 15–ին, հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է կալանավորված գործարար, բարերար Սամվել Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը։
«Կարծում եմ՝ դա կլինի արդար։ Գինեսի ռեկորդների գրքում կա նաև տիեզերքի մասին բաժին։ Դատավորների գործողությունները, օրինակ, կարող են գրվել այդտեղ, քանի որ սա տիեզերական արագություն է։ Սա լույսի, ձայնի արագությունը գերազանցող վարքագիծ է վճռաբեկ դատարանի կողմից»,– ասել է պաշտպանը։
Վարդևանյանի խոսքով, Վճռաբեկ դատարանից ելքագրվել է 2025 թվականի նոյեմբերի 13-ին գրություն, որը ստացվել է 2025 թվականի նոյեմբերի 14-ին: Գրության մեջ իբր թվագրված «նոյեմբերի 12» նշված է, որ Վճռաբեկ դատարանի որոշումը հրապարակվելու է նոյեմբերի 13-ին. «Քննչական կոմիտեի 53 քննիչներից բաղկացած խմբի ղեկավարը ունեցել է ՎՃռաբեկ դատարանի որոշումը հենց նոյեմբերի 13-ին: Քննիչը ունեցել է որոշումն այնքան վաղ, որ հասցրել է դրան ծանոթանալ, մեջբերումներ կատարել և 2025 թվականի նոյեմբերի 13-ի ժամը 18-27-ին մուտք անել միջնորդությունը»։
Ըստ պաշտպանական կողմի, Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդությունն ապօրինի է։
Նշենք, որ դատարանը նոյեմբերի 17–ին քննելու է գործարարին կալանավորելու միջնորդությունը։
News.am
