Ինչո՞ւ են իշխանությունները լռում ՀՀ ապագայի վերաբերյալ քննարկումների պահին
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.
«Հայաստանի շուրջ ստեղծված ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը բնութագրվում է ինքնիշխանության խորացող ճգնաժամով, որն իր արտահայտությունն է գտնում ագրեսիվ բազմավեկտոր արտաքին ճնշումների և, որ հատկապես ուշագրավ է, պաշտոնական Երևանի կողմից գրեթե ամբողջությամբ բացակայող հրապարակային և հստակ արձագանքի մեջ։ Հայաստանին բացահայտորեն պարտադրվում են հիմնարար աշխարհաքաղաքական տեղաշարժեր, որոնք կասկածի տակ են դնում ՀՀ անվտանգության ողջ ճարտարապետությունը և տնտեսական կայունությունը, մինչդեռ իշխանությունները ցուցաբերում են կա՛մ ռազմավարական լռություն, կա՛մ թաքնված համաձայնություն անհամատեղելի պահանջներին։
Ճգնաժամը դրսևորվում է նրանով, որ արտաքին գործող սուբյեկտները արագացնում են վեկտորի արմատական փոփոխությունը՝ Հայաստանին առաջարկելով ճանապարհներ, որոնք հակասում են ՀՀ ավանդական և գոյաբանական շահերին։ Մի կողմից, ուղիղ ճնշում է գործադրվում հակառուսական ճամբարին անդամակցելու և պատժամիջոցներին միանալու նպատակով։ Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը հրապարակայնորեն կոչ է արել Հայաստանին միանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին։ «Աշխարհակարգը փոխվում է, ԵՄ ընդհանուր արտաքին քաղաքականության հետ ռազմավարական դիրքորոշումների համընկնումը շատ կարևոր է ԵՄ գործընկերների, այդ թվում՝ Հայաստանի համար, նրա ներդաշնակության մակարդակը ներկայումս կազմում է 37%»,- հայտարարել է նա։ Եվ նա այդ մասին խոսում էր այն պահին, երբ իր կողքին կանգնած էր ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ով պահպանում էր «ռազմավարական լռություն»։
Այս պահանջն ուղղակիորեն ենթադրում է էժան և որակյալ ռուսական էներգակիրներից հրաժարվելու անհրաժեշտություն, ինչպես նաև էներգետիկ ռազմավարության վերանայում՝ հօգուտ Թուրքիայի հետ կապերի զարգացման (ինչի մասին խոսել է ընդլայնման հարցերով եվրահանձնակատար տիկին Կոսը)։ Կրկին նշենք, որ այս բոլոր հայտարարությունների ֆոնին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, կանգնած լինելով կողքին, նախընտրեց լռել՝ հրապարակային պատասխան չտալով տնտեսության համար այդքան կոշտ և կրիտիկական պահանջին։
Մյուս կողմից, առաջ են քաշվում նաև Հայաստանի թյուրքական կառույցներին ինտեգրվելու արմատական առաջարկներ։ Eurasia Center-ի ամերիկացի փորձագետ Բրիաննա Թոդդը հրապարակավ հայտարարել է, որ Հայաստանը, Տաջիկստանի հետ մեկտեղ, հանդիսանում է Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) «բացակայող տարրը»։ Այս դիրքորոշումը, որն արտահայտվել է Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի միասնության քննարկման համատեքստում՝ որպես մեկ միասնական ամբողջություն, փաստացի առաջարկում է Երևանին մտնել միավորում, որտեղ գերիշխում են նրա ուղղակի հակառակորդները՝ Թուրքիան և Ադրբեջանը։ Ամերիկյան փորձագիտական շրջանակների համար սա, ըստ ամենայնի, դիտվում է որպես ռուսական ու իրանական ազդեցությունը թուլացնելու միջոց՝ միասնական արևմտամետ միջանցք ստեղծելու ճանապարհով։
Ամբողջ այս իրավիճակում ամենից մտահոգիչ կողմը հայկական իշխանությունների ընտրովի լռությունն է։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նախկինում «վճռականորեն էր» մեկնաբանել «ռուս փորձագետների կողմից գործադրվող ճնշումը»՝ Հայաստանի Միութենական պետություն մտնելու համար, և նույնիսկ դա կապում էր Լաչինի միջանցքի շրջափակման հետ։ Սակայն, երբ խոսքը վերաբերում է Հայաստանի՝ ԹՊԿ անդամակցության կոչերին կամ ՌԴ դեմ պատժամիջոցներին միանալուն, ոչ Գրիգորյանը, ոչ էլ այլ պաշտոնյաներ որևէ հրապարակային հայտարարություն չեն անում։
Ազգային անվտանգության և տնտեսական ինքնիշխանությունը կասկածի տակ դնող այսպիսի հիմնարար սպառնալիքներին ու առաջարկներին արձագանքի բացակայությունը օրինաչափ հարց է առաջացնում, թե ինչո՞ւ են Հայաստանի իշխանությունները չեն մեկնաբանում ԹՊԿ անդամակցության և հակառուսական ճամբարին միանալու պահանջի մասին հայտարարությունները, բայց միևնույն ժամանակ հրապարակայնորեն քննադատում են Ռուսաստանի Դաշնության հետ կապված ցանկացած բան։
Լռությունն այս համատեքստում դադարում է լինել չեզոքություն և կարող է միանգամայն օրինականորեն մեկնաբանվել որպես թաքնված համաձայնություն նոր, պարտադրվող «այլընտրանքներին» կամ որպես քաղաքական լիակատար «կաթված» հակասական պահանջների առջև։ Այսպիսով, Հայաստանի ինքնիշխանության ճգնաժամը դրսևորվում է ոչ միայն նրանում, որ նրան պարտադրվում են անհամատեղելի աշխարհաքաղաքական ուղիներ, այլ նրա ղեկավարությունը խուսափում է լինել գլխավոր դերակատարը, որը պետք է որոշումներ կայացնի և դրանք բացատրի իր ժողովրդին, ինչը երկիրը դարձնում է չափազանց խոցելի։ Ի վերջո, հայկական ինքնիշխանությունը վերածվել է «Հաղթանակ» կինոթատրոնի մոտ գտնվող երևանյան բնակարանի նմանակի. բնակարան, որը կարելի է վարձով տալ։
Մտածե՛ք այդ մասին․․․»։
