Логотип

Վարշավայի օդանավակայանում մնացած ՀՀ քաղաքացիները դեռ չեն կարողանում վերադառնալ Երևան

Լեհական «LOT» ավիաընկերության չվերթի չեղարկման պատճառով Վարշավայի օդանավակայանում մնացած ուղևորները դեռ չեն կարողանում վերադառնալ Երևան։ Այս մասին հունվարի 15-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է չվերթի ուղևորներից մեկը՝ Անահիտ Դանիելյանը։

Նա հայտնել է, որ ինքնաթիռը ԱՄՆ-ից մեկնել է հունվարի 13-ին, թռիչքը տևել է 8 ժամ, օդանավը բարեհաջող հասել է Վարշավա և ուղևորները 9 ժամ սպասելուց հետո անցել են վերջնական ստուգումը։

Նրա խոսքով՝ դրանից հետո մարդկանց ստիպել են երեք ժամ սպասել ինքնաթիռի մեջ՝ առանց որևէ պահանջ ներկայացնելու կամ հստակ պարզաբանումներ տալու, միայն մի քանի անգամ հայտարարելով թևերը ձյունից մաքրելու անհրաժեշտության մասին։

Դանիելյանը հավելել է, որ որոշ ժամանակ անց ուղևորներին դուրս են բերել ինքնաթիռից՝ կրկնելով, որ պատճառը եղանակային պայմաններն են և խոստացել են լուծել խնդիրը։

«Ուղևորները դուրս են եկել ինքնաթիռից և սպասել են ևս վեց ժամ, սակայն որևէ լուծում չի առաջարկվել։ Հայտնել են, որ առավոտյան ժամը 6-ին մեզ կմոտենա ավիաընկերության մենեջերը, բայց նա եկավ ժամը 8-ին, այն էլ՝ այն բանից հետո, երբ մարդիկ աղմուկ բարձրացրին։ Նա կրկնեց, որ ավիաընկերության ներկայացուցիչները փորձում են լուծումներ գտնել՝ առաջարկելով ուղևորներին երկուական հոգով այլ չվերթներով հասնել Երևան»,- նշել է նա։ Դանիելյանը պարզաբանել է, որ շուրջ 40 քաղաքացիներ մեկնել են այլ երկրներ, որպեսզի տարանցիկ չվերթներով վերադառնան Երևան։

«Մյուս ուղևորները՝ մոտ 30 մարդ, այդ թվում՝ մենք, Շենգենյան վիզա չունենք և մենք չենք կարող լքել տարանցիկ գոտին։

Մեզ առաջարկեցին մեկնել դեպի Կահիրե, այնտեղից՝ Դոհա, ապա՝ Երևան։ Այս տարբերակով ճանապարհորդությունը կտևեր մոտ երկու օր։

Առաջարկում էին նաև մինչև հունվարի 17-ի երեկոն մնալ օդանավակայանում և այդ օրը մեկնել Երևան։ Մեկ այլ առաջարկ էլ այն է, որ մնացած ուղևորներն իրենց հաշվին ավիատոմսեր գնեն դեպի Վրաստան, ընդ որում՝ նրանց խոստացել են այդ գումարները փոխհատուցել ավելի ուշ։ Միևնույն ժամանակ, Վրաստանից Հայաստան ճանապարհածախսն ընդհանրապես չեն պատրաստվում փոխհատուցել։ Դրա հետ մեկտեղ մարդկանց չեն տրամադրել ո՛չ նորմալ սնունդ, ո՛չ ջուր։ Ուղևորների թվում կան տարեց հիվանդ մարդիկ և փոքր երեխաներ»,- ընդգծել է նա։

Դանիելյանը հավելել է, որ ուղևորները փորձել են կապ հաստատել Հայաստանի արտաքին գործերի նախարարության հետ 055620111 հեռախոսահամարով, սակայն զանգերին ոչ ոք չի պատասխանել. դեսպանատան հետ նույնպես նրանց չի հաջողվում կապվել։

Նա տարօրինակ է համարել այն, որ մինչ ուղևորները սպասում էին նշված ինքնաթիռի մեջ, զուգահեռաբար թռչում էին այլ ավիաընկերությունների ինքնաթիռներ, որոնք ուղևորվում էին Երևան։