Логотип

Վարուժան Գեղամյան․ Թուրքիայում սկսվել է հակաադրբեջանական յուրահատուկ ալիք

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրել է․ «Թուրքիայում սկսվել է հակաադրբեջանական յուրահատուկ ալիք։

Իրանի վրա հարձակման ֆոնին Թուրքիայում հասարակական շատ խմբերի ներկայացուցիչներ մի քանի օր է` թիրախավորում են Ադրբեջանին և մասնավորապես նախագահ Ի. Ալևին՝ որպես «Իսրայելի ընկեր ու դաշնակից»:

Այս գործից անմասն չեն մնացել նույնիսկ մերձիշխանական մեդիաները:

Հետաքրքիր է, որ սրա արդյունքում թուրքական սոցցանցային տիրույթում բազմաթիվ մարդիկ կիսվում են Ադրբեջանի ու ադրբեջանցիների հետ իրենց առնչության անհաջող փորձերի պատմություններով: Օրինակ` ինչպես է Ալիևի կոռումպացված ռեժիմը հավելյալ անօրինական «հարկեր» վերցրել Ադրբեջանում աշխատող թուրքական ընկերություններից: Հնչում են նաև մտքեր, որ «Ադրբեջանի քաղաքականությունը պետք է որոշվի ոչ թե Թել Ավիվում, այլ Անկարայում»:

Բնականաբար, սա չի նշանակում, որ Թուրքիան և Ադրբեջանը դադարում են լինել ռազմավարական դաշնակիցներ, սակայն այս իրողությունը երկու երկրներում հասարակական ընկալումների և փոխադարձ ազդեցության գործիքների քննարկման տեսանկյունից ինքնին կարևոր է իմանալ»:

Aysor.am