Логотип

ՎԱՐՔԱԿԱՆՈՆ. ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՁԱԳԱՆՔԻ ՄԱԿ-Ը ՕԿԱՄՊՈՅԻ ԿՈՉԻՆ՝ ԵՐԵՎԱՆԻ ԼՌՈՒԹՅԱՆ ԽՈՐԱՊԱՏԿԵՐԻՆ

«ՄԱԿ-ի աշխատանքային խումբը պետք է անվավեր ճանաչի Ռուբեն Վարդանյանի գործով իր եզրակացությունը՝ Ադրբեջանի հետ խմբի նախագահի կապերի պատճառով»,- այսպիսին է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի հետաքննության արդյունքը: Աշխարհահռչակ իրավաբանը հոկտեմբերի 10-ին հրապարակեց իր 29-էջանոց փորձագիտական կարծիքը, որում բազմաթիվ փաստերի հիման վրա ապացուցում է տվյալ հարցում շահերի բախման առկայությունը՝ կապված խմբի ղեկավար ուկրաինուհի իրավաբան Գաննա Յուդկիվսկայի հետ։

ԽՈՍՔԸ ԿԱՄԱՅԱԿԱՆ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԱԿ-ի աշխատանքային խմբի (UN WGAD) 2025 թվականի փետրվարի 17-ի եզրակացության մասին է, որում ասվում է, թե «Ադրբեջանի կողմից Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունը կամայական չէ», այլ կերպ ասած՝ Բաքվի գործողություններն արդարացված էին։ Ընդամենը 2 շաբաթ անց՝ մարտի 3-ին, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Ֆոլկեր Տյուրկը հայտարարեց, որ «Ադրբեջանում կամայականորեն ձերբակալված բոլոր անձինք, այդ թվում՝ էթնիկ հայերը, պետք է անհապաղ ազատ արձակվեն, իսկ արդար դատաքննության իրավունքը պետք է լիովին պահպանվի»:

WGAD-ը բաղկացած է (կամ պետք է բաղկացած լինի) ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից նշանակված անկախ փորձագետներից, որոնք զբաղվում են միջազգային չափանիշների խախտումով ազատազրկման դեպքերի հետաքննությամբ: Մինչդեռ, ըստ Օկամպոյի հետաքննության արդյունքների, Գաննա Յուդկիվսկայի դեպքում առկա են ՄԱԿ-ի կանոնների կոպիտ խախտումներ, որոնք ոչ միայն պարզապես մեծ հարցականի տակ են դնում նրա անկախությունն ու օբյեկտիվությունը, այլև հակառակը՝ վկայում են այդ տիկնոջ ի սկզբանե կողմնակալության մասին, որը, ինչպես պարզվում է, սերտ, անձնական և մասնագիտական, ընտանեկան ու ֆինանսական բազմամյա կապեր ունի Ադրբեջանի իշխանությունների հետ:

Պարոն Օկամպոյի հետաքննության մեջ այդ ամենը շարադրված է հստակ և համոզիչ: Գլխավոր փաստարկն այն է, որ Յուդկիվսկան Equity Law Firm իրավաբանական ընկերության գործընկերն է, որն Ուկրաինայում ներկայացնում է Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) շահերը:

Բացի այդ, նրա ամուսինը՝ Գեորգի Լոնգվինսկին, ադրբեջանական արմատներ ու անմիջական քաղաքական կապեր ունի Ադրբեջանի իշխանությունների հետ և բազմիցս հրապարակավ աջակցություն է հայտնել Արցախում Բաքվի ցեղասպան քաղաքականությանը:

«Բաքվի իշխանությունների հետ այսպիսի կապեր ունեցող անձը չպետք է մասնակցեր Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերին վերաբերող գործերի քննությանը»,- ասված է փորձագիտական հետաքննության մեջ: Գաննա Յուդկիվսկան պետք է ձեռնպահ մնար Ադրբեջանի դեմ աշխատանքային խմբին ներկայացված բոլոր գործերին մասնակցելուց, քանի որ նա շահերի բախում ունի, ընդգծում է Օկամպոն, կոչ անելով WGAD-ին չեղարկել նախկին եզրակացությունը և սկսել աշխատանքը նորից՝ «de novo»:

«ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ինչպես նաև աշխատանքային խմբի հեղինակությանը սպառնացող վտանգի նկատառումով WGAD-ը պետք է հրապարակավ պատասխանի ներկայացվող մեղադրանքներին»,- հայտարարել է ՄԱԿ-ի ՄՔԴ-ի առաջին դատախազը:

Օկամպոյի փորձագիտական կարծիքի հրապարակումից անցել է արդեն մի քանի օր, սակայն Հայաստանի իշխանությունները քար լռություն են պահպանում այդ առնչությամբ: Նորմալ կառավարությունն ակնթարթորեն կարձագանքեր իր էությամբ սենսացիոն հետաքննությանը, և իր հերթին պաշտոնապես կդիմեր ՄԱԿ՝ պահանջելով վերանայել գնահատականը։

Բայց «նորմալ»-ը, իհարկե, Փաշինյանի մասին չէ, որին Ալիևի հանցավոր գործողություններն արդարացրած խմբի եզրակացությունը միանգամայն ձեռնտու է, և նա ոչ մի պարագայում չի ձգտի հասնել դրա չեղարկմանն ու նոր քննության։

Բարեբախտաբար, իսկ Նիկոլի համար՝ դժբախտաբար, դա կարող են անել Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանները, ինչպես նաև մյուս գերիների շահերի ներկայացուցիչ իրավապաշտպանները, որոնց համար Լուիս Մորենո Օկամպոյի հետաքննությունը հիանալի օժանդակություն և առիթ կդառնա դիմելու ՄԱԿ-ին և այլ կառույցներին՝ հայ բանտարկյալներին ազատ արձակելու պահանջով։

Անդրադառնանք սակայն պարոն Օկամպոյի մասնագիտական փայլուն աշխատանքի մյուս տեսանկյանը: Այն է՝ ինչպե՞ս կարող էին այնպիսի հեղինակավոր կազմակերպությունում, ինչպիսին ՄԱԿ-ն է, աչքաթող անել շահերի բացահայտ բախումն ու ներգրավել Յուդկիվսկային Ռուբեն Վարդանյանի գործով աշխատանքում, ընդ որում՝ որպես խմբի ղեկավարի։

Իր փաստաթղթում արգենտինացի իրավաբանը նշում է, որ օգտվել է բացառապես բաց աղբյուրներից, ուրեմն ինչպե՞ս ստացվեց, որ աշխատանքային խումբը ձևավորող Մարդու իրավունքների խորհրդի հարգարժան փորձագետները այդպես խայտառակվեցին նրա նշանակումով։

ՄԱԿ-ի վարքականոնով պահանջվող ի՞նչ «անկախության, անկողմնակալության և անձնական շահի արգելանքի» մասին կարելի է խոսել ուկրաինուհի իրավաբանի դեպքում, որը բազմաթիվ թելերով կապված է Ալիևի ռեժիմի հետ Եվ եթե ինքը գիտակցաբար չի հրաժարվել այդ գործին մասնակցելուց, ինչպես որ պահանջում է Վարքականոնը, ինչպե՞ս են այդ կապերը դուրս մնացել ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաների տեսադաշտից։

ՆՄԱՆ «ԱՆՓՈՒԹՈՒԹՅԱՆԸ», ԽՈՍՏՈՎԱՆԵՆՔ, ԴԺՎԱՐ Է ՀԱՎԱՏԱԼ։ Շատ ավելի հավանական է թվում ոչ միայն անձամբ Յուդկիվսկայի, այլև բոլոր նրանց վարձվածության մասին վարկածը, ովքեր լուռ համաձայնել են նրա նշանակմանը Ռուբեն Վարդանյանի գործով աշխատանքային խմբում ՝ անտեսելով իր ակնհայտ կապերն Ադրբեջանի իշխանությունների հետ, աչք փակելով շահերի բախման, իսկ այնուհետ՝ WGAD-ի եզրակացության աղաղակող սուբյեկտիվության վրա։

Մանավանդ որ ՄԱԿ-ի ղեկավար կառույցներում կոռուպցիայի առկայությունը վաղուց արդեն գաղտնիք չէ, Իսկ Ադրբեջանի պարագայում՝ առավելևս։ Բավական է հիշել մեկ տարի առաջ տեղի ունեցած СОР-29 գագաթնաժողովը, որը կազմակերպությունն այնուամենայնիվ անցկացրեց Բաքվում, չնայած միջազգային քննադատության տարափին, իսկ դրա գլխավոր քարտուղար Գուտերիշը չամաչեց յուզգյարանալ ու գրկախառնվել բռնապետ Ալիևի հետ։

Եթե դա այդպես չէ, և իսկապես ցավալի բացթողում է տեղի ունեցել, ապա ժամանակն է, որ ընդհանրապես ՄԱԿ-ը և մասնավորապես աշխատանքային խումբը ընդունեն սեփական ձախողումն ու շտկեն սխալը՝ չեղարկելով եզրակացությունը և անցկացնելով նոր հետաքննություն՝ առանց որևէ յուդկիվսկաների և ալիևյան այլ հաճկատարների։