Логотип

ՎԵԼԴԿԱՄՊ․ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃՆՇՈՒՄՆԵՐԻ ԱՂԱՂԱԿՈՂ ԱԿՏԸ ԱՇԽԱՐՀԻ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻ ԱՅՑԻ ԺԱՄԱՆԱԿ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ Է

Կրոնների իրավունքների պաշտպանության կազմակերպության՝ Chrictian Solidarity International-ի (CSI) աշխատակից Ջոել Վելդկամպն այսօր՝ նոյեմբերի 15-ին Երևանում, մամուլի ասուլիսում կոշտ քննադատության է ենթարկել Հայաստանի իշխանություններին։

Վելդկամպի խոսքով՝ միջազգային իրավապաշտպան կազմակերպության այցը Հայաստան հետապնդում է երկու նպատակ՝ մասնակցություն «Աղոթք-նախաճաշին» և այցելություն բանտարկված հոգևորականներին և Հայ Առաքելական եկեղեցու կողմնակիցներին։

«Երկրորդ՝ մենք եկել ենք, որպեսզի այցելենք Հայ Առաքելական եկեղեցու հոգևորականներին, աշխատակիցներին, բարեգործներին և Հայ Առաքելական եկեղեցու այլ կողմնակիցներին, որոնք ներկայում կալանքի տակ են Հայաստանի կառավարության կողմից։ Ես Երևան եմ եկել հինգշաբթի, նոյեմբերի 13-ին։ Նույն օրը Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է չորս պոդկաստերի՝ խուլիգանության մեղադրանքով։

Երեկ՝ նոյեմբերի 14-ին, նրանցից երկուսը դատապարտվել են երկու ամիս նախնական կալանքի։ Նրանք են Վազգեն Սաղաթելյանը և Նարեկ Սամսոնյանը։ Փաստը, որ Հայաստանի իշխանություններն իրենց իրավունք են վերապահում կատարել բռնաճնշման այսքան աղաղակող ակտ, չնայած այն բանին, որ քրիստոնյաների մեծ պատվիրակությունն ամբողջ աշխարհից հավաքվում է աղոթքի նախաճաշի, մեզ անհանգստացնում է։ Որպես իրավապաշտպան կազմակերպություն CSI-ն չի կարող լռել մարդու իրավունքների խախտումների մասին, որոնք տեղի են ունենում այն նույն քաղաքում, որտեղ մեզ հրավիրել են որպես «Աղոթք-նախաճաշի» հյուր, որն անցկացվում է Հայաստանի վարչապետի օրհնությամբ»,- ասել է իրավապաշտպանը։

Վելդկամպի խոսքով՝ նոյեմբերի 10-ին նրանք պաշտոնական հարցապնդում են ներկայացրել արդարադատության նախարարություն՝ որոշ բանտարկված հոգևորականների և եկեղեցու կողմնակիցների այցելելու համար։

Մասնավորապես, նրանք թույլտվություն են խնդրել այցելելու արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանին, արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանին, եպիսկոպոս Մկրտիչ Պռոշյանին և հայր Գարեգին Արսենյանին։

«Մենք առանձին հարցապնդումներ ենք ներկայացրել՝ այցելելու Սամվել Կարապետյանին և 22 այլ ոչ հոգևորականների, որոնք կարող են համարվել քաղբանտարկյալներ: Մեր նպատակն էր փաստաթղթավորել նրանց կալանքի պայմանները, ծանոթանալ նրանց ֆիզիկական և հոգեկան վիճակին և հասկանալ նրանց առաջադրված մեղադրանքները։

Տառացիորեն երեկ կեսօրին մենք պատասխան ստացանք արդարադատության նախարարությունից: Մեզ թույլ չտվեցին հանդիպել բանտարկյալների հետ: Պատասխանը ստացվել է արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Մարիամ Սարգսյանից՝ նամակի տեսքով: «Չնայած նամակը թվագրված էր նոյեմբերի 13-ով, այն մեզ ուղարկվել է միայն երեկ՝ նոյեմբերի 14-ին, ուրբաթ, ժամը 16:00-ին»,- ասել է միջազգային կազմակերպության ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ նամակում նշված է, որ խնդրանքը գտնվում է արդարադատության նախարարության իրավասությունից դուրս։

«Մենք կապ հաստատեցինք փաստաբանների հետ, և նրանք մեզ տեղեկացրին, որ այդպես չէ: Սակայն արդարադատության նախարարությունը մեզ մասնակի տեղեկատվություն է տրամադրել այն պարամետրերի մասին, որոնք կարող են ազդել բանտարկյալներին ապագայում այցելելու վրա: Եվ մենք կրկին մտադիր ենք դիմել այս բանտարկյալներին այցելելու թույլտվության համար»,- ասել է Ջոել Վելդկամպը։

News.am