Логотип

Վեհափառն ընդունել է Արցախի պաշտոնյաներին. քննարկել են արցախցիների խնդիրները, գերիների ազատ արձակման հարցերը

Հոկտեմբերի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Արցախի պետական այրերին և քաղաքական ուժերի ներկայացուցիչներին՝ գլխավորությամբ Արցախի նախագահի պաշտոնակատար Աշոտ Դանիելյանի և Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի։ Այս մասին NEWS.am–ին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Արցախի պետական այրերը քննարկեցին հայրենազրկված արցախցիների առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը և արցախահայության իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր։

Այս առնչությամբ անդրադարձ կատարվեց նաև Մայր Աթոռի կողմից իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերին և արցախցիների հետ բնակության վայրերում տարվող հոգեխնամ աշխատանքներին։ Նորին Սրբությունն ընդգծեց, որ Հայ Եկեղեցին այս ուղղությամբ շարունակելու է ջանքեր գործադրել։

Զրուցակիցները կարևորեցին միջազգային հարթակներում համատեղ հետևողական քայլերի ձեռնարկումը՝ ի խնդիր Արցախի ժողովրդի իրավունքների բարձրաձայնման, Ադրբեջանում պահվող պատանդառվածների և ռազմագերիների ազատ արձակման, անհետ կորածների հայտնաբերման և Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության։

Վերջում Արցախի պետական այրերն իրենց որդիական երախտագիտությունն ու հավատարմությունը հայտնեցին Առաքելական Մայր Եկեղեցուն։