Логотип

ՎԵՀԱՓԱՌ․ ՄԵՐ ԵԿԵՂԵՑԻՆ ԱՆՍԱՍԱՆ Է՝ ՀԱԿԱՌԱԿ ԻՇԽՈՂ ՈՒԺԻ ՀԱԿԱԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՔԱՅԼԵՐԻ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Վեհափա՜ռ»․ Մայր տաճարի մոտ հազարավոր հավատավորներ վանկարկումներով դիմավորեցին Ամենայն հայոց կաթողիկոսին, որն առաջնորդում էր հոգևոր թափորը դեպի Մայր տաճար։ Մարդկանց շարքերի միջով անցնելիս վեհափառն օրհնություն բաշխեց հավաքվածներին։

«Մեր ձևով» շարժման նախաձեռնած ուխտագնացությանը դեպի Էջմիածին մասնակցում էին հազարավոր հայեր Հայաստանի տարբեր կողմերից, նաև քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչներ։ Հավաքված ուխտավորները Մայր տաճարում մասնակցեցին ժամերգության, որի ավարտին կաթողիկոսն աղոթք բարձրացրեց առ Աստված և դիմեց ժողովրդին՝ նշելով, որ այս ուխտագնացությունը նրանց սիրո և անսակարկ նվիրվածության վկայությունն է՝ հայոց սուրբ եկեղեցին և ազգային արժեքների հանդեպ։

«Այսօր մեր հայրենիքը կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև․ արտաքին ծանր սպառնալիքները զուգակցվում են ազգային արժեքների և ինքնության նվիրագործված ընկալումների խեղմամբ, ներքին պառակտվածությամբ, որ ավելի է խորանում անհանդուրժողականության ու ատելության սերմանումով՝ առաջ բերելով նոր բաժանումներ»,- ասաց վեհափառը։

Նա ընդգծեց, որ մեր սրտերը ծանրացած են՝ տեսնելով, թե ինչպես են քաղաքական որոշումով, կեղծ ու շինծու մեղադրանքներով ազատազրկվել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, տիար Սամվել Կարապետյանը։

Վեհափառը հույս հայտնեց, որ Աստծո օգնությամբ կարող կլինենք վերականգնել արդարությունը, որ ազատ կարձակվեն ապօրինի բանտարկված մեր զավակները, եղբայրներն ու քույրերը։

«Սիրելիներ, մեր գնահատանքն ենք բերում ձեզ ամենքին՝ հանդեպ մեր սուրբ եկեղեցին դրսևորած ձեր հավատարմության և այս խռովահույզ օրերին հոգևորականներին ցուցաբերած զորակցության համար։ Հակառակ իշխող ուժի կողմից հակաեկեղեցական դատապարտելի գործողությունների՝ մեր սուրբ եկեղեցին անսասան է, հզոր՝ հավատավոր մեր ժողովրդով և նույն նախանձախնդրությամբ շարունակելու է արդյունավորել տերունավանդ իր առաքելությունը՝ հետամուտ լինելով նաև մեր ազգի և հայրենիքի շահերի պաշտպանությանը»,- ասաց Վեհափառ հայրապետը։

Նա կոչ արեց հավատավորներին՝ ամուր մնալ, չտկարանալ, չընկրկել մեզ բաժին ընկած դժվարությունների ու փորձությունների առջև, այլ առաջ ընթանալ քաջությամբ, քանի որ Աստված մեզ երկչոտության հոգի չտվեց, այլ զորության, սիրո և զգաստության։ «Միասնաբար, համատեղ ջանքերով ամրապնդենք հույսն ու հավատը մեր կյանքում, բարին ու խաղաղությունը՝ մեր երկրում։ Համերաշխությամբ ու միաբանությամբ կարող պիտի լինենք իրագործելի դարձնել պետության հզորացման և հայրենիքի շինության մեր համընդհանուր տեսիլքները»,- ասաց կաթողիկոսը։

Նա նշեց՝ աղոթում ենք, որ ամենակալ Աստված իր սուրբ աջով պահպանի մեր հայրենիքը, Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին և զորացնի մեր ժողովրդին՝ աննկուն ոգով դիմագրավելու բոլոր մարտահրավերները։

Դրանից հետո ուխտավորները մոմավառություն կազմակերպեցին Մայր տաճարի շուրջը՝ աղոթք բարձրացնելով ի պաշտպանություն հայոց եկեղեցու։

Sputnik Արմենիա