Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության վենդետայի վարկածը որևէ առնչություն չունի իրականության հետ։ Ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։
«Վալոդյա Գրիգորյանի սպանության մասով իշխանության ներկայացուցիչները շահարկում են անհասկանալի վենդետայի վարկածը, որի վերաբերյալ հարկ ենք համարում նշել հետևյալը` Վալոդյա Գրիգորյանն անձնական որևէ խնդիր չի ունեցել որևէ մեկի հետ` իր գործունեության ընթացքում բացառապես առաջնորդվելով «բոլորի համայնքապետը» սկզբունքով՝ անելով առավելագույնը հանուն միասնության և համերաշխության»,– նշել է Առաքելյանը։
Նա ընդգծել է, որ Վալոդյա Գրիգորյանն ու եղբայրը որևէ կապ չունեն փետրվարին Մերձավանում տեղի ունեցած սպանության հետ։ Ըստ Առաքելյանի՝ Վալոդյա Գրիգորյանի եղբոր կալանավորումը եղել է մարտի 30-ի ընտրություններից առաջ քաղաքական ճնշման դրսևորում, որի վերաբերյալ Վալոդյա Գրիգորյանը փետրվարի 8-ին արել է պաշտոնական հայտարարություն։ Նա հավելել է` անգամ դատախազության ներկայացրած մեղադրանքով՝ Վալոդյա Գրիգորյանի եղբայրը մեղադրվում է բացառապես խուլիգանություն կատարելու հոդվածով՝ չունենալով որևէ առնչություն սպանության հետ։
«Վալոդյա Գրիգորյանի սպանության գործող առաջին անձի (Նարեկ Օհանյան՝ փետրվարին սպանվածի եղբայրը. խմբ․) ձերբակալումից հետո ՆԳՆ-ի կողմից ցուցաբերվեց խայտառակ ոչ պրոֆեսիոնալ մոտեցում՝ սպանությունը ներկայացնելով որպես փետրվարյան դեպքերի շարունակություն՝ կատարելով դատարանի գործառույթ։ Սա իրավապահ համակարգի կողմից քաղաքական գնահատական տալու անթույլատրելի դրսևորում է։ Հաջորդ օրը առերևույթ սպանություն կատարող անձի ձերբակալումը ակնհայտ դարձրեց, որ հնարած վենդետայի վարկածը որևէ առնչություն չունի իրականության հետ։»,- գրել է Առաքելյանը։
Նա բացառել է Վալոդյա Գրիգորյանի սպանության գործում միջանձնային խնդիրների առկայությունը` ընդգծելով, որ այս գործում կան կազմակերպիչներ և պատվիրատուներ։
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիրը պահանջում է, որ իրավապահ համակարգը շարունակի օպերատիվ աշխատանքներն ու ամբողջապես բացահայտի սպանությունը։
Հիշեցնենք` սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան Մերձավանում` Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի նորակառույց առանձնատան հետնամասում, դիմակավորված, ձեռնոցներով անձը մոտեցել է կանգնած 3 անձանց, կրակահերթ արձակել և հեռացել: Միջադեպի հետևանքով սպանվել են Վալոդյա Գրիգորյանը և ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը, որը դեպքի պահին ծառայության մեջ չի եղել։ Դեպքի վայրում վիրավորում է ստացել ևս մեկ քաղաքացի` Արծրուն Գալստյանը։
Հանցագործությունը կատարելու կասկածանքով սեպտեմբերի 26–ին ձերբակալվել է Նարեկ Օհանյանը, որը Մերձավանի նախկին համայնքապետ, ՔՊ-ական Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին է և այս տարվա փետրվարին Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրը: որը փետրվարին Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրն է։ Սեպտեմբերի 28-ին երկրորդ անձն է ձերբակալվել, որը խոստովանել է, որ ինքն է կատարել սպանությունը, հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հրազենը։
Sputnik Արմենիա