Միացյալ Նահանգների վարչակազմը Ռուսաստանի հետ բանակցություններ է վարում Ռազմավարական հարձակողական սպառազինությունների (ՌՀՍ) կրճատման մասին պայմանագրի նորացված տարբերակի կնքման շուրջ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
«Դրանք շարունակական բանակցություններ են։ Ակնհայտ է, որ նախագահի (Դոնալդ Թրամփի–խմբ.) արտաքին քաղաքականության առանձնահատկություններից մեկը միջուկային տարածման մերժումն է»,– Վենսի խոսքը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Ավելի վաղ ռազմական վերլուծաբան և նախկին հետախույզ Սկոտ Ռիտերը մեծ սխալ էր անվանել պայմանագրի երկարաձգման հետ կապված ԱՄՆ-ի ձգձգումը, քանի որ Վաշինգտոնը չի կարողանա ժամանակակից սպառազինության տեխնոլոգիաներում Մոսկվայի հետ առաջիկա տարիներին հավասարվել:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր հերթին ասել է, որ ՌՀՍ պայմանագրի ժամկետի ավարտի հետ կապված իրավիճակն ընդգծում է, որ Ռուսաստանի գլխավոր դաշնակիցներն են բանակը, նավատորմը և օդատիեզերական ուժերը:
Sputnik Արմենիա
