ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի խոսքով՝ Միացյալ Նահանգները կարծում է, որ Գրենլանդիան կարևոր նշանակություն ունի իր հրթիռային պաշտպանության ենթակառուցվածքների համար։
«Գրենլանդիան կարևոր նշանակություն ունի ոչ միայն մեր ազգային անվտանգության, այլև ամբողջ աշխարհի ազգային անվտանգության համար։ Մեր հրթիռային պաշտպանության ողջ ենթակառուցվածքը մասամբ կախված է Գրենլանդիայից», – ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում։
ԱՄՆ փոխնախագահը կարծում է, որ Դանիան չի կարողացել պատշաճ մակարդակով երաշխավորել կղզու անվտանգությունը։ «Հարցրեք ինքներդ ձեզ՝ արդյո՞ք Եվրոպան, արդյո՞ք Դանիան պատշաճ աշխատանք են կատարել Գրենլանդիայի անվտանգության ապահովման ուղղությամբ, որպեսզի այն շարունակի ծառայել որպես համաշխարհային անվտանգության և հակահրթիռային պաշտպանության հենասյուն։ Պատասխանը միանշանակ «ոչ» է։ Նրանք բավարար ներդրումներ չեն կատարել դրա անվտանգության մեջ, նրանք բավականաչափ լավ չեն աշխատել», – համարում է նա։
«Եթե դուք որևէ խելացի բան եք արել 25 տարի առաջ, դա չի նշանակում, թե հիմա չեք կարող որևէ հիմարություն անել, և Միացյալ Նահանգների նախագահը շատ հստակ հասկացնում է՝ «Դուք չեք հաղթահարում Գրենլանդիայի խնդիրը»», — շարունակել է Վենսը: Նրան հարցրել են, թե որքան հեռու է պատրաստ գնալ ամերիկյան վարչակազմը կղզու վերաբերյալ իր նպատակներին հասնելու համար: «Այդ հարցում վերջնական որոշումը նախագահինն է», — պատասխանել է փոխնախագահը: «Մենք կանենք ամեն ինչ Ամերիկայի շահերը պաշտպանելու համար: Կարծում եմ՝ նախագահը կգնա այնքան հեռու, որքան կպահանջվի»:
News.am
