Логотип

ՎԵՐԱԴԱՐՁՐԵՔ ԻՆՁ ՆԱԽԿԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ…

…Միայն թե պետք չէ կրկին խոսել իռլանդացիների հանդեպ մեր հավաքականի հաղթանակի մասին։ Մեր ֆուտբոլիստների և մարզչի նկատմամբ ամենայն հարգանքով հանդերձ, դա իրավիճակային փոքրիկ հաջողություն էր, ինչում շուտով բոլորս, ցավոք, կհամոզվենք: Այդպես արդեն եղել է, հարյուրավոր անգամներ։ Եվ առհասարակ այս խոսակցությունն ամենևին էլ նրանց մասին չէ։

ՈՐՔԱՆ ՀԻՇՈՒՄ ԵՄ, ՓԱՇԻՆՅԱՆԸ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ 2019-ԻՆ ԽՈՍՏԱՑԱՎ, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը աշխարհի կամ Եվրոպայի չեմպիոն կդառնա մինչև 2050թ: Մեկ-երկու տարի անց նա, կարծես թե, ինքն էլ սկսեց հասկանալ, որ նման «ծրագրային նպատակադրույթները» բովանդակությամբ և էությամբ շատ ավելի մոտ են բացարձակ զառանցանքի, քան նույնիսկ անմեղ վարդագույն երազանքի: Բայց ոչ. պարզվեց, որ սեփական ապիկարության մասին դաժան ճշմարտությունը ոչ մի կերպ չի դրդել վայ-վարպետին՝ զսպելու ֆուտբոլային զառանցաբանությունը. 2022-ին ՀՖՖ-ի ստեղծման 30-ամյակին նվիրված միջոցառմանը Նիկոլը կրկին տրվեց խոսամոլությանն ու հիշեց իր «ծրագրային թեզը»։

Ասել է թե՝ այո, խոստացել եմ աշխարհի չեմպիոնություն և հավատում եմ դրան հոգուս բոլոր թելերով, կրկին հայտարարեց նա։ Եվ ավելի համոզիչ լինելու համար ընդարձակ ճառ ծավալեց այն բանի շուրջ, թե ի տարբերություն անփույթ «նախկինների»՝ իր իշխանությունը հոգ է տանում երկրի ֆուտբոլային ապագայի մասին, օգնում է մանկապատանեկան ակումբներին, տասնյակ խաղադաշտեր կառուցում հանրապետության ողջ տարածքում, հավաքականի խնդիրներին վերաբերվում ինչպես իր սեփականին։

Գրազ կգամ, որ շուտով Փաշինյանը կրկին առիթ կգտնի ներբողներ ձոնելու իր կառավարության ֆուտբոլային սխրանքներին։ Նրան կհիշեցնեն Պորտուգալիայից կրած խայտառակ՝ 0-5 հաշվով պարտությունը, իսկ նա սկզբում իր ոճով դեմագոգիկ թեզ կհրամցնի, թե իբր՝ ցանկացած ոլորտում հիասքանչ թռիչքի համար նախ հարկավոր է խորը անկում, իսկ հետո նորից կսկսի թվարկել հայկական ֆուտբոլի հաջողության համար ստեղծած բարիքները։ Իբր, սպորտի զանգվածայնացում, ֆուտբոլի դաշտեր, մարզիչների աշխատավարձի բարձրացում, Վովա Փաշինյանի հիշատակին նվիրված գավաթի խաղարկություն, ֆլան-ֆստան… այ թե ինչքան լավ բաներ են արվում Նիկոլի օրոք։

Ասենք, իսկ ինչո՞ւ այնուամենայնիվ չհավատանք այդ ամենին: Նա հո օդից չի վերցնում բոլոր այդ տվյալները. դրանք նրան կանոնավորապես մատուցում են մեր սպորտը վերահսկող բյուրեղյա ազնվության մարդիկ. Ժաննա Անդրեասյանն ու վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ միասին։

Ենթադրենք, թե հայկական ֆուտբոլի մասշտաբային բարեփոխումները զուտ ճշմարտություն են և ոչ այլ ինչ, քան ճշմարտություն։ Ավելին, հավատանք դրան։ Սակայն ես, որպես շարքային ֆուտբոլասեր, խորապես, կներեք, թքած ունեմ Փաշինյանի անվերջանալի բարեփոխումների, կայտառ ճառերի և Մելիքբեկյանի երդմնալի հավաստիացումների վրա։

ԲԱՑՈՒՄ ԵՆՔ ՄԻԱՅՆ «ՊՈՐՏՈՒԳԱԼԱԿԱՆ» ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՆԱՅՈՒՄ: Եվ պարզվում է, որ «նախկինների» օրոք «կոմատոզային» վիճակում գտնվելու շրանում հայկական ֆուտբոլը չգիտես ինչու հաճախ իսկական հրաշքներ է գործել։

Այսպես, 2007 թվականին մեր հավաքականը Երևանում քիչ էր մնում հաղթանակ կորզեր երիտասարդ և դեռ եռանդով լի Ռոնալդուի գլխավորած նույն այդ հավաքականից (1-1)։ 2015-ին կրկին աչքի ընկավ «եվրոպացի բրազիլացիների» հետ գրեթե հավասար խաղով (2-3)։ Իսկ այ 2025-ի սեպտեմբերի 8-ին պորտուգալացիների հետ խաղում «մեծ նվաճումների պատրաստ և դարակազմիկ բարեփոխումներով ապաքինված» հայկական ֆուտբոլը չգիտես ինչու հավի կտցած, կռկված չրի տեսք ուներ։

Այնպես որ ավելի լավ է վերադարձնեք ինձ Քոչարյանի և Սարգսյանի դարաշրջանի «փտած ֆուտբոլը»՝ «կոռումպացված բռնակալ» Նեմեց Ռուբոյի գլխավորությամբ, և ասել էի, թե ուր գնաք 2050-ին աշխարհի չեմպիոնության նպատակադրությամբ բարեփոխվող ձեր ֆուտբոլով։ Ես ուզում եմ ունենալ «վատ» ֆուտբոլ՝ լավ արդյունքներով, այլ ոչ հակառակը։

Եվ ընդհանրապես, խոսքը միայն ֆուտբոլի մասին չէ։ Վերադարձրեք ինձ այն «կոռումպացված, նախկինների օրոք փտած թույլ բանակը», որը չգիտես ինչու հաղթական էր։ Վերադարձրեք «ղարաբաղյան հանցավոր կլանի թալանած» Արցախը, որտեղ նրա բնիկ տերերը՝ հայերը չգիտես ինչու ամուր ու հաստատուն կանգնած էին իրենց հողի վրա։ Վերադարձրեք Ծիծեռնակաբերդի նախկին հուշահամալիրը, որը «շահադիտաբար չի վերանորոգվել նախկին «թալանչիների» օրոք», բայց չգիտես ինչու միշտ արժանավայել տեսք ուներ։

Վերադարձրեք հազարավոր զոհված տղաներին, որոնց «փչացնում էր նախկինների օրոք քայքայված կրթությունը», բայց որոնք չգիտես ինչու աներևակայելի սխրանքներ էին գործում Հայրենիքի պաշտպանության գործում։

Մի խոսքով, վերադարձրեք ինձ այն, նախկին Հայաստանը՝ «հետամնաց, հոգնած, սոված, խաբված, թալանված», որտեղ ես զգում էի իմ և ազգային արժանապատվությունը: Իսկ ձեր Հայաստանը չեմ ընդունում…