Հայտնի դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի Սաթի Սպիվակովան բարեգործական նախաձեռնության շրջանակում Երևանում կներկայացնի «Սիրո մետաֆիզիկա» ներկայացումը, որի ամբողջ հասույթը կփոխանցվի «City of Smile» հիմնադրամին` ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների դեմ պայքարող երեխաներին աջակցելու համար։ Նա այդ մասին հայտնեց Երևանում կայացած ասուլիսի ժամանակ։
Մոսկվայի Ազգերի թատրոնի ներկայացումը կցուցադրվի Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնում սեպտեմբերի 19–ին` ժամը 18:00-ին և 20:00-ին։ «Սիրո մետաֆիզիկան» հիմնված է Սերգեյ Սոլովյովի սցենարի վրա և նվիրված է Իվան Տուրգենևի ու Պոլինա Վիարդոյի բարդ հարաբերություններին։
«Արդեն 6 տարի է` ես և դերասան Վլադիմիր Կոշևոյն այս ներկայացումը գրեթե 70 անգամ խաղացել ենք տարբեր բեմերում։ Ես շատ էի ուզում ներկայացման կյանքը դադարեցնելուց առաջ այն խաղալ Երևանում։ Սովորաբար արտիստները շատ դժվար են հրաժեշտ տալիս ներկայացմանը, բայց դա իհարկե անխուսափելի է, քանի որ Մոսկվայի «Ազգերի թատրոնը» մի շարք պրեմիերաներ ունի»,–ասաց դերասանուհին։
Պատասխանելով Sputnik Արմենիայի այն հարցին, թե ինչով է հայ հանդիսատեսի համար խաղը տարբերվելու մյուս խաղերից` Սպիվակովան նշեց, որ Երևանում պատասխանատվությունն ավելի մեծ է։
«Երբ գալիս եմ Հայաստան, ու օդանավից բացվում է Արարատի տեսարանն իր ամբողջ գեղեցկությամբ, ես վերածնվում եմ, իմ մեջ ինչ–որ բան փոփոխվում է։ Դա բառերով չես բացատրի։ Երբ քայլում եմ Երևանի փողոցներում, կարծես հայտնվում են անցյալի ուրվականները։ Թե ինչով է Երևանում մեր խաղը տարբերվելու, ամենայն հավանականությամբ այստեղ ավելի մեծ է պատասխանատվության զգացումը»,–ասաց դերասանուհին։
«City of Smile» հիմնադրամի տնօրեն Էսթեր Դեմիրճյանն էլ իր հերթին նշեց, որ հիմնադրամի համար կարևոր է, որ իր շուրջը լինեն հոգատար և կարեկից մարդիկ։ Նա ընդգծեց, որ քաղցկեղի բուժումը թանկ է, և յուրաքանչյուր նվիրատվություն կարևոր է երեխաների կյանքի համար։ Հիմնադրամը տարեկան 250 երեխայի բուժում է ֆինանսավորվում, իսկ մինչ օրս ֆինանսավորվել է 1000 երեխայի բուժում։
«Բարեգործությունը միայն փողի մասին չէ, այլ նաև օգնելու անկեղծ ցանկության։ Բոլորի մտահոգությունը կարևոր է, և բարեգործությունը սիրո դրսևորումներից մեկն է», – նշեց նա։
Կոշևոյն էլ հանդիսատեսին հրավիրեց թատրոն՝ հիշեցնելով, որ ամբողջ հասույթը կուղղվի հիվանդ երեխաների բուժմանը: Նա խոստովանեց, որ իր համար դժվար է խոսել ներկայացման մասին. այն պետք է տեսնել բեմում ու զգալ 40 տարվա սիրո ողջ խորությունը։
«Ես շատ ուրախ եմ Երևան հյուր գալու համար: Առաջին իսկ պահից ես ընկղմվեցի հյուրընկալության և հրաշալի մթնոլորտի մեջ: Ես սիրում եմ այս ներկայացումը, և, իհարկե, տխուր է նրան հրաժեշտ տալը, բայց հույս ունեմ, որ Երևան կգամ մեկ այլ նախագծով», – ասաց նա։
Նշենք, որ Երևանում ներկայացումով հանդես գալու նախաձեռնության հեղինակը Սպիվակովան է, որը 2024 թվականի ապրիլին դարձել է «City of Smile» հիմնադրամի բարի կամքի դեսպան։
Sputnik Արմենիա