ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, արձանագրել է «Իզմիրլյան» ԲԿ-ի գործով գլխավոր հաշվապահ Անահիտ Յոլյանի բնակարանի անձեռնմխելիության իրավունքի խախտում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է փաստաբան Արմինե Ֆանյանը։
«Այսպիսով, «Իզմիրլյան» ԲԿ-ում խուզարկություն կատարելը թույլատրելու մասին Առաջին ատյանի դատարանի բոլոր չորս որոշումները Վերաքննիչ դատարանի գնահատմամբ ոչ իրավաչափ էին, ինչը հանգեցրել էր «Իզմիրլյան» ԲԿ գործադիր տնօրեն Արմեն Չարչյանի, ֆինանսական գծով փոխտնօրեն Վաղարշակ Մեյրոյանի, բուժական գծով փոխտնօրեն Տիգրան Նալբանդյանի և գլխավոր հաշվապահ Անահիտ Յոլյանի բնակարանի անձեռնմխելիության իրավունքի խախտման»,- գրում է Ֆանյանը։
Հիշեցնենք՝ փետրվարի 13-ի վաղ առավոտյան հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեն խուզարկություններ է իրականացնում ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի և տնօրենի տեղակալ Տիգրան Նալբանդյանի աշխատասենյակներում։
Քրեական վարույթը, որի շրջանակում բուժկենտրոնում խուզարկություններ արվեցին, նախաձեռնվել է 2025թ․ հոկտեմբերի 8-ին։ Ըստ նյութերի՝ «Իզմիրլյան» ԲԿ-ն 2015-2025թթ․ իր կարիքների համար ապրանքներ, բժշկական պարագաներ է ձեռք բերել իբրև թե Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հոգևորականների հետ փոխկապակցված ընկերություններից ավելի բարձր գնով` չնայած տվյալ պարագաները ներմուծող և արտադրող ընկերություններից ավելի ցածր արժեքով ձեռք բերելու հնարավորություն է ունեցել։ Այդ կերպ Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների հետ փոխկապակցվածություն ունեցող ընկերությունները ոչ միայն մեծ շահույթներ են ունեցել՝ խուսափելով առանձնապես խոշոր չափերով հարկերից, այլև որոշակի գործարքներ կատարելով՝ իբրև լեգալիզացրել են համապատասխան դրամական միջոցները։
Sputnik Արմենիա
