Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին վերաբերող գործը ոտքից գլուխ ապօրինություն է։ Վերաքննիչ դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց նրա պաշտպաններից Երեմ Սարգսյանը։ Նա մատնանշեց՝ անգամ անհասկանալի է, թե ինչպես է ստացվել, որ Շիրակի ընդհանուր իրավասության դատարանի քննության գործը քննվեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանում։
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանները նոյեմբերի 13-ին վերաքննիչ բողոք են ներկայացրել առաջին ատյանի դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանի` հոկտեմբերի 3-ի դատավճռի դեմ և խնդրել են ամբողջությամբ բեկանել դատավճիռը, կայացնել նոր դատական ակտ՝ ճանաչել և հռչակել գերաշնորհ Միքայել (Գևորգ) Արտաշեսի Աջապահյանի անմեղությունը։ Դատական նիստն այսօր հետաձգվեց. սրբազանի ազատազրկման դատավճռի դեմ վերանքննիչ բողոքը կքննարկվի 2026–ի հունվարի 13–ին։
«Սովորաբար երբ մենք վերաքննիչ բողոքներ ենք բերում, մեկ կամ երկու կետով ինչ-որ խնդիրներ ենք տեսնում, իսկ կայացված այս դատավճիռը ոտքից գլուխ ապօրինություն է։ Այդ խնդիրներն այնպիսին են, որ նույնիսկ առանց ապացույցների գնահատման պետք է արդարացում տեղի ունենար, և Վերաքննիչ դատարանն էլ օրենքի իմաստով այլ հնար չունի, քան բեկանելու դատական ակտը։ Իհարկե, մենք հասկանում ենք՝ այս գործով ինչ է տեղի ունենում, և իրավական գործընթացները, կարող է հանկարծ այն հունով չգնան, որով պետք է»,- ասաց պաշտպանը։
Սարգսյանի խոսքով՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած որոշման դեմ բողոք է ներկայացրել նաև դատախազությունը։ Կարծում են, թե Միքայել սրբազանին 2 տարով ազատազրկելը քիչ ժամկետ է։ Նշենք, որ դատախազը սրբազանի համար 2 տարի, 6 ամիս ժամկետով ազատազրկում էր պահանջում։
Անդրադառնալով դատական ակտին՝ Սարգսյանը նշեց՝ այն կայացվել է այնպիսի ապացույցների հիման վրա, որոնք դատարանում չեն էլ հետազոտվել։ Ըստ նրա՝ Վերաքննիչ դատարանի համար սա ակնհայտ և պարտադիր պայման է դատական ակտը բեկանելու համար։
«Դատավճռում գրված են ապացույցներ, որոնց հիման վրա մեղավոր է ճանաչվել, այդ ապացույցներից ոմանք դատարանում չեն էլ հետազոտվել։ Դա անփութություն է, չգիտենալ է, շտապողականություն է․ իրենք խնդիր ունեին դատական ակտ կայացնելու և կայացրել են, օրինականությունն իրենց համար այնքան էլ կարևոր չէր։ Հույս ունեին, որ մենք դա չենք նկատի, բայց մենք նկատել ենք, այդ մասին բողոքում նշել ենք, և մեծ հարց է, թե դա ինչպես են փորձելու շրջանցել»,- նշեց Սարգսյանը։
Sputnik Արմենիա
