Логотип

Վերաքննիչ դատարանը բեկանել է Ավինյանի հոր դեմ «Օպելի գործով» վճիռը

Վերաքննիչ քաղաքացիական դատարանը բեկանել է առաջին ատյանի դատարանի՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հոր՝ Արմեն Ավինյանի դեմ «Օպելի» վարորդների գործով կայացված վճիռը, տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։

2025-ին դատարանը մասնակի բավարարել էր «Օպելի» վարորդների հասցեին հնչեցրած «համբալ» արտահայտության վերաբերյալ հայցվոր Գրիգոր Իսանդարյանի հայցը՝ Ավինյանի հոր դեմ։ Իսկանդարյանը «համբալ» արտահայտության համար որպես պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցում պահանջել էր Ավինյանի հորից 500 000 դրամ բռնագանձել։ Դատարանը վճռել էր, որ «համբալ» արտահայտության համար Ավինյանի հայրը պետք է վճարի 250 000 դրամ։ Ավինյանը հայրը բողոքարկել էր վճիռը։

Վերաքննիչ դատարանը 2026-ի մարտի 20-ին բավարարել է Ավինյանի հոր բողոքը և եզրակացրել, որ «Օպել» մակնիշի ավտոմեքենա վարողները կամ սեփականատերերը չեն կարող դիտվել որպես իրավական իմաստով առանձին խումբ, ուստի նրանց վերաբերյալ արտահայտությունը չի կարող համարվել խմբի արժանապատվությունը խախտող։ Դատարանը նշել է նաև, որ միայն նույն մակնիշի ավտոմեքենա ունենալը բավարար չէ անձանց իրավական իմաստով «խումբ» համարելու համար։

Դատարանը հիշեցրել է, որ արտահայտվելու ազատությունը կարող է սահմանափակվել միայն այն դեպքում, երբ այն, իրականում, խախտում է այլ անձի պատվի և արժանապատվության իրավունքը, իսկ տվյալ դեպքում՝ նման խախտում չի հաստատվել։

2024-ի տարեվերջին քաղաքապետի հայրը, փողոցային հարցման ժամանակ պատասխանելով Երևանի կենտրոնում կայանելու տարեկան 160 000 դրամ սակագնի մասին հարցին, հայտարարել էր. «Պիտի 500 000 սարքեն, որ ամեն համբալ չգա, կայնի ստեղ իրա գեղի «Օպել»-ով»:

Armenia Today