Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մերժել է գործարար, բարերար Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի և դատախազության վերաքննիչ բողոքները: Տեղեկությունը հայտնում է գործարարի փաստաբանական խումբը։
Փաստաբան Արամ Վարդևանյանը դեկտեմբերի 5-ին տեղեկացրել էր, որ գործարարի կալանքի երկարաձգման դեմ ներկայացված բողոքները վարույթ են ընդունվել, դատարանը բողոքների քննությունն իրականացնելու է գրավոր ընթացակարգով։
Փաստաբանական խումբը հիշեցրել է, որ նոյեմբերի 18-ին Հակակոռուպցիոն դատարանը բավարարել էր քննչական խմբի միջնորդությունը՝ երկու ամսով երկարաձգելով Սամվել Կարապետյանի կալանքը, իսկ որոշման հրապարակմանը նախորդել էր «Հայկական ժամանակ» օրաթերթի համանման բովանդակությամբ հրապարակումը:
«Վերաքննիչ դատարանը` նախագահությամբ դատավոր Ժենյա Մելիքսեթյանի, որոշեց մերժել փաստաբանական խմբի և դատախազության վերաքննիչ բողոքները։ Այս ամենն իրավական ցանկացած տիրույթից դուրս է և հաստատապես վերացնում է քրեական դատավարությունը Հայաստանի դատարաններից:»,– ասված է փաստաբանների հայտարարությունում:
Փաստաբանները նշել են, որ առաջին ատյանի դատարանը Սամվել Կարապետյանի կալանքի երկարաձգման հիմք էր վկայակոչել միայն խոչընդոտելու «ռիսկը»։ Նրանց խոսքով` վերաքննիչ դատարանը փաստացի համաձայնել է դրա հետ՝ ուղիղ անտեսելով 3 անհերքելի փաստական տվյալ` մեղադրանքի նվազագույն հիմնավորվածության բացակայությունը, շուրջ 6 ամիս ապօրինի կալանքը, այլընտրանքային խափանման միջոցների հնարավորությունը:
«Չնայած մեղադրանքների աբսուրդայնությանը` մեր կողմից հարկադրված ներկայացված նման միջնորդությունը մերժելու իրավական որևէ հնարավորություն առկա չէր: Այս ամենն ապացուցում է, որ Սամվել Կարապետյանի դեպքում որևէ ձևով՝ դատարաններում իրավունքը չի գործում, իրավական փաստարկները չեն գնահատվում, արդարադատություն չի իրականացվում: Սամվել Կարապետյանի դեպքում բացառապես գործում է՝ քաղաքական հետապնդումը, վրեժխնդրությունը, իրավունքի և օրենքի «վճռական» ոչնչացումը»,–նշված է հայտարարությունում:
Հիշեցնենք` հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Կարապետյանը կալանավորվեց հունիսի 18-ին։
Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց ՔՕ 290 (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարել), 296 (փողերի լվացում), 422 (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։
Հոկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է, նրան նոր մեղադրանք է առաջադրվել։ Մասնավորապես ավելացվել է Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված մեղադրանքը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։
Sputnik Արմենիա
