Վերաքննիչ դատարանն արձանագրել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանության իրավունքի խախտման փաստը ՔԿՀ-ի կողմից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է սրբազանի պաշտպան Արա Զոհրաբյանը։
Նրա խոսքով՝ Միքայել սրբազանի շահերը ներկայացնելու փուլում հանդիպել է քրեակատարողական հիմնարկներում տարածված մի արատավոր պրակտիկայի:
«ՔԿՀ աշխատակիցները զննում են (գրաքննում են) փաստաբանների կողմից իրենց կալանավորված վստահորդներին փոխանցված փաստաթղթերը: Ընդ որում, եթե փոխանցված նյութը, ըստ ՔԿՀ աշխատակիցների, քրեական գործի հետ ուղիղ չի առնչվում, ապա վերցնում են կալանավորված անձի ձեռքից: Այս հարցը բարձրացրել եմ, երբ տեղեկացել եմ, որ Միքայել սրբազանին տրամադրած նյութերս ուսումնասիրվել են ՔԿՀ աշխատակիցների կողմից»,- գրել է Զոհրաբյանը։
Պաշտպանի ներկայացրած բողոքը մակագրվել է առաջին ատյանի դատարանի դատավոր դատավոր Մասիս Մելքոնյանին (Միքայել սրբազանի նկատմամբ կալանքի որոշում է կայացրել- խմբ․): Մելքոնյանը մերժել է բողոքը, որից հետո Զոհրաբյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել։ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանը բավարարել է ներկայացրած բողոքը՝ բեկանելով դատավոր Մասիս Մելքոնյանի որոշումը և հաստատելով Միքայել սրբազանի իրավունքների և օրինական շահերի խախտման փաստը:
«…Վերաքննիչ դատարանը փաստում է, որ քրեակատարողական հիմնարկի վարչակազմը և աշխատակիցներն իրավասու չեն եղել զննելու միջոցով ծանոթանալ փաստաբան Ա.Զոհրաբյանի կողմից իր վստահորդ Միքայել (Գևորգ) Աջապահյանին փոխանցած փաստաթղթերի բովանդակությանը, հետևապես քննարկվող դեպքում թույլ է տրվել կալանավորված անձ Միքայել (Գևորգ) Աջապահյանի՝ Կոնվենցիայով, ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով երաշխավորված պաշտպանության իրավունքի խախտում»,- նշված է դատարանի որոշման մեջ։
Զոհրաբյանի խոսքով՝ Վերաքննիչ դատարանը պարտավորեցրել է նաև «Երևան-Կենտրոն» ՔԿՀ պետին միջոցներ ձեռնարկել արձանագրված իրավունքների խախտումները վերացնելու ուղղությամբ։
Հիշեցնենք` Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա կալանավորված է հունիսի 28–ից։
Sputnik Արմենիա