Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն անդրադարձել է տեղեկությանը, թե իրանական անօդաչուն հարվածել է Նախիջևանի օդանավակայանին:
«Սա թերևս կա՛մ նախազգուշացում է, զգուշացում, կա՛մ սադրանք: Ի վերջո, բոլորովին անիրական կամ անհնարին չէ, որ անօդաչուն ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով «շեղեին» որևէ այլ ուղղությամբ: Ավելին, մեծ հարց է, թե կարո՞ղ են արդյոք լինել իրանական անօդաչուների «նմանակներ»:
Նախ, իրանական բալիստիկ հրթիռի միջադեպ՝ Թուրքիայում, իսկ հետո՝ Նախիջևան: Այն, ինչ չստացվեց թուրքական ուղղությամբ, արդյո՞ք փորձ է արվում ստանալ Ադրբեջանի մասով: Այլ կերպ ասած՝ Ադրբեջանի ներգրավում Իրանի դեմ ակտիվ գործողություններում:
Այստեղ ուզում եմ հիշեցնել մի արտահայտություն, որ արել էր ԱՄՆ պատերազմի նախարար Հեգսեթը նախօրեին, ինչը լուրի տեսքով տեղադրել եմ ալիքում: Եվ տեղադրել էի ամենևին ոչ պարզապես լուր լինելու համար: Հեգսեթը ասել էր, թե սկսելու են Իրանին հարվածներ հասցնել ավելի խորը տարածության վրա:
Ի՞նչ է նշանակում ավելի խորը տարածություն: Դա նշանակում է, որ հարվածները Ծոցի երկրների հենակետերից կա՛մ պետք է դառնան առավել հեռահար, կա՛մ պետք է Իրանի «հակառակ կողմից» ներգրավվեն «հենակետեր»: Իսկ դրանք որո՞նք են՝ Թուրքիա, Նախիջևան-Ադրբեջան: Եթե Անկարան ու Բաքուն դիմադրում են, համաձայն չեն, ապա պետք է ստեղծել «նախադրյալներ»: Եվ ահա, Հեգսեթի հայտարարությունից անմիջապես հետո, թե՛ իրանյան բալիստիկ հրթիռի «թուրքական» պատմությունը՝ երեկ, թե՛ այսօր Նախիջևանի օդանավակայանի պատմությունը:
Սա, իհարկե, սադրանքի տարբերակի պարագայում: Եթե սրանք իսկապես Իրանի գիտակցված քայլերն են, ապա դա կարող է նշանակել, որ Իրանն ունի տեղեկատվություն, որ թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը, այդուհանդերձ, ներգրավված են՝ պարզապես լռելյայն:
Իհարկե, պետք է նկատել, որ Իրանը կարծես թե հայտարարեց, որ չի ուղարկել որևէ հրթիռ թուրքական ուղղությամբ: Տեսնենք, թե Թեհրանն ինչ կարձագանքի Նախիջևանի մասով:
Իսկ «Նախիջևանը», այդ իմաստով, կարծես թե «խորհրդավոր» է: Հիշենք՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին հենց Նախիջևանից խոցվեց ռուսական խաղաղապահ զորքն ուղեկցող ռուսական ուղղաթիռը, իբրև թե շփոթությամբ»:
Aysor.am
