Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) հաստատել է մինչև 150 միլիոն եվրոյի վարկային փաթեթ Հայաստանի առաջատար ֆինանսական հաստատություններից մեկի` Ամերիաբանկի համար, հաղորդում է Ամերիաբանկի մամուլի ծառայությունը։
ՎԱՐԿԸ, ՈՐԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՒՄ Է ԵՐԿՈՒ ՓՈՒԼՈՎ՝ 100 ՄԻԼԻՈՆ ԵՎՐՈ ԵՎ ԵՎՍ 50 ՄԻԼԻՈՆ ԵՎՐՈ ՏՐԱՆՇԵՐՈՎ, Ամերիաբանկին հնարավորություն կտա ֆինանսավորել միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին (ՄՓՄՁ)՝ հատկապես ուշադրություն դարձնելով մարզերի հաճախորդներին և նոր վարկառուներին։
Այս նախաձեռնությունը նաև կաջակցի Հայաստանի` կանաչ տնտեսության անցմանը, քանի որ Ամերիաբանկը հանձնառու է միջոցների առնվազն 40 տոկոսն ուղղել կանաչ ներդրումներին՝ բարձրացնելով ռեսուրսների արդյունավետությունը և վերականգնվող էներգիայի արտադրությունը։ Ի լրումն դրան, ՎԶԵԲ-ի Փոքր բիզնեսին աջակցության հիմնադրամի (SBIF) կողմից ֆինանսավորվող շուրջ 170,000 եվրո արժողությամբ տեխնիկական համագործակցության նախագիծը, որին կմասնակցի նաև Ամերիաբանկը, կնպաստի կանաչ նախագծերի իրականացմանը և մոնիտորինգին: ԵՄ կողմից ֆինանսավորվող խորհրդատվական և կարողությունների զարգացման հետագա ծրագրերը` մինչև 75,000 եվրո ընդհանուր արժողությամբ, կբարձրացնեն ՄՓՄՁ-ների մրցունակությունը, նորարարությունը և արտահանում իրականացնելու պատրաստվածությունը։

ՎԶԵԲ-ի Հայաստանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացին ասաց. «Այս ֆինանսավորումը կարևոր դեր կխաղա Հայաստանի մասնավոր հատվածն ուժեղացնելու և կանաչ տնտեսության անցումն արագացնելու գործում։ Ամերիաբանկի ամուր դիրքը շուկայում և ուղղվածությունը դեպի նորարարությունն ու ՄՓՄՁ հատվածի զարգացումը վերջինիս դարձնում են ՎԶԵԲ-ի հուսալի գործընկեր տարածաշրջանում առաջնահերթ ռազմավարական ծրագրերի իրականացման գործում»։
Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը նշեց. «Մենք հպարտ ենք, որ ամրապնդում են մեր համագործակցությունը ՎԶԵԲ-ի հետ և ընդլայնում ՄՓՄՁ ֆինանսավորման և կանաչ վարկավորման պորտֆելները։ Այս համագործակցությունը մեզ կտա ավելի լայն հնարավորություններ` աջակցելու հայկական բիզնեսներին, խթանելու տնտեսական աճը և կայուն զարգացումն ամբողջ երկրում»։
Գործարքը համահունչ է ՎԶԵԲ-ի՝ Հայաստանի համար որդեգրած ռազմավարությանը, ֆինանսական ոլորտի ռազմավարությանը, ինչպես նաև կանաչ տնտեսության անցման մոտեցմանը և գենդերային հավասարության խթանման ռազմավարությանը։ Ամերիաբանկի առաջատար դիրքը թվային փոխակերպման, մարզային ներկայացվածության և ներառական ֆինանսավորման առումներով այն դարձնում է Հայաստանի բանկային համակարգի առաջատարներից։ Ամերիաբանկը Հայաստանի տնտեսության ամենախոշոր վարկատուն է և ակտիվներով երկրորդը` բանկային համակարգում։ Իր թվային լուծումների և խոշոր քաղաքներում ու երկրի ամենախիտ բնակեցված շրջաններում գտնվող 26 մասնաճյուղերի շնորհիվ Ամերիաբանկը հնարավորություն ունի ֆինանսավորել մասնավոր հատվածի ընկերությունների լայն շրջանակ։ Ամերիաբանկի գլխավոր բաժնետերը Լոնդոնի ֆոնդային բորսայում գրանցված «Լայըն Ֆայնենս Գրուփ» (Lion Finance Group) հոլդինգային ընկերությունն է։ ՎԶԵԲ-ը փոքր բաժնեմասնակցություն ունեցող բաժնետեր է։
1992 թ. Հայաստանում իր գործունեությունը սկսելուց ի վեր ՎԶԵԲ-ը ներդրել է շուրջ 2.6 միլիարդ եվրո ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքային և էներգետիկ ոլորտների 232 նախագծերում, ընդ որում` ֆինանսավորման 83 տոկոսն ուղղվել է մասնավոր հատվածի զարգացմանը։

Արտակ ՀԱՆԵՍՅԱՆ
Ամերիաբանկի գլխավոր տնօրեն
«Հարգելի՛ գործընկերներ, այսօր ՎԶԵԲ-ի հետ ստորագրում ենք 150 միլիոն եվրո ընդհանուր սահմանաչափով ֆինանսավորման պայմանագիր ՓՄՁ-ների և կանաչ ծրագրերի աջակցության նպատակով: Սա մեր բազմամյա գործընկերոջ՝ ՎԶԵԲ-ի հետ գրանցած ևս մեկ նշանակալի համատեղ ձեռքբերում է, և ուրախ եմ, որ կնքում ենք այս գործարքը, որը թույլ կտա աջակցել հայկական ընկերություններին՝ բավարարելով նրանց ֆինանսավորման կարիքները, ինչպես նաև ընդլայնել մեր բանկի կողմից ֆինանսավորվող կանաչ ծրագրերի քանակը։

Գեորգի ԱԽԱԼԿԱՑԻ
ՎԶԵԲ-ի Հայաստանյան գրասենյակի ղեկավար
«ՎԶԵԲ-ը և Ամերիաբանկը համագործակցում են արդեն 15 տարուց ավելի: Այս ժամանակահատվածում մենք աշխատել ենք մի շարք վարկային գծերի շուրջ, որոնք ուղղված են եղել տնտեսության որոշակի հատվածների ֆինանսավորմանը։ Դրանցից են, օրինակ, կանանց կողմից վարվող բիզնեսների և ՓՄՁ-ների ֆինանսավորումը՝ ուղղված վերջիններիս արտադրական հզորությունների ավելացմանը, ԵՄ չափանիշներին համապատասխանությանը և այդ երկրներ արտահանման խթանմանը, կանաչ տնտեսության ֆինանսավորմանն ու էներգաարդյունավետության բարձրացմանը: Մենք նաև 10% բաժնեմաս ունենք Ամերիաբանկում և ակտիվորեն համագործակցում ենք առևտրի ֆինանսավորման ոլորտում։ Այս գործարքը նշանակալի ձեռքբերում է նաև իր չափի տեսանկյունից՝ 150 միլիոն եվրո, որը կտրամադրվի երկու փուլով։ Հատկապես կարևոր է կանաչ ֆինանսավորման սահմանաչափը` 60 միլիոն եվրո, որը կուղղվի կանաչ ներդրումների իրականացմանը։ Նշված ներդրումները թույլ կտան աջակցել Երևանում, ինչպես նաև Երևանից դուրս` շրջաններում, գործող հայկական Միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին` օգնելով նրանց դառնալ ավելի դիմացկուն ու ավելի անկախ և ավելի արդյունավետ օգտագործել ռեսուրսները։ Ես ուրախ եմ ստորագրել այս գործարքը։ Լիահույս ենք, որ նշված վարկային գծերը կօգտագործվեն սահմանված ժամկետներում՝ ի նպաստ հայկական ՄՓՄՁ-ների։ Շնորհակալ եմ ՎԶԵԲ-ի հետ երկարամյա համագործակցության համար»։
Արտակ ՀԱՆԵՍՅԱՆ / Գեորգի ԱԽԱԼԿԱՑԻ
Ա.Հ.- «150 միլիոն եվրոյի չափով ՎԶԵԲ-ի այս գործարքն Ամերիաբանկի հետ կնքված ամենախոշոր գործարքն է, և ՎԶԵԲ-ի՝ մինչ այժմ Հայաստանում կնքված թերևս ամենախոշոր գործարքը»։
Գ.Ա.- «Այո, մասնավոր հատվածում դա ամենախոշոր գործարքն է։ Մենք ավելի խոշոր գործարքներ ենք կնքել միայն պետական հատվածում»

Արա ՍԱՐԳՍՅԱՆ
Ամերիաբանկի ֆինանսական ինստիտուտների բաժնի ղեկավար
«Սա միայն վարկային պայմանագիր չէ, այն վերահաստատումն է ՎԶԵԲ-ի և Ամերիաբանկի միջև երկարամյա, խորը, ընդգրկուն և բովանդակալից համագործակցության` ի շահ մեր հաճախորդների բիզնեսի զարգացման և ի նպաստ մեր երկրի բարորության»:
