Логотип

ՎԶԵԲ-ը 39 մլն եվրո կտա Երևանում լոգիստիկ կենտրոն կառուցելու համար

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 11–ի նիստում հավանություն տվեց որոշմանը, որով Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը 39 մլն եվրո կտա` Երևանում լոգիստիկ կենտրոն կառուցելու համար։

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև վարկային համաձայնագիրը կնքվել է 2025 թ. սեպտեմբերի 19–ին, որով նախատեսվում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կարիքների համար Երևանում մաքսային և լոգիստիկ կենտրոն կառուցել:

Միաժամանակ նախատեսվում է Հայաստանին հատկացնել որոշակի գումար, որն ուղղվելու է ծրագրի իրականացման տեխնիկական աջակցությանը (մոբիլիզացմանը)՝ որպես դրամաշնորհ:

ՀՀ կառավարության կողմից վարկային ու դրամաշնորհային միջոցների համաֆինանսավորման չափը կկազմի 9 մլն եվրո, որից՝ 7.8 մլն եվրոն վարկային միջոցների գծով:

«Համաձայնագրով նախատեսված վարկային միջոցներն ուղղվելու են Երևանի արտաքին տնտեսական գործունեության (ԱՏԳ) կենտրոնի շինարարական աշխատանքների իրականացմանը, ապրանքների և ծառայությունների ձեռքբերմանը, ինչպես նաև խորհրդատվական ծառայությունների մատուցմանը, իսկ դրամաշնորհային միջոցները՝ Երևանի ԱՏԳ կենտրոնի շինարարությանը և սարքավորումների ձեռքբերմանը»,– ասված է որոշման հիմնավորման մեջ։

Նշենք, որ ԱՏԳ կենտրոններում ապրանքների ներմուծման և արտահանման գործընթացներն իրականացվում են մեկ վայրում: Այստեղ հիմնական գործընթացները հիմնված են լինելու էլեկտրոնային համակարգերի և ծրագրային լուծումների կիրառման վրա։

ՊԵԿ–ից հայտնում են, որ այս կենտրոններում պետք է տեղակայված լինեն բոլոր այն պետական մարմինները և մասնավոր կազմակերպությունները, որոնք տրամադրում են ապրանքների ներմուծման և արտահանման համար անհրաժեշտ փաստաթղթեր։

News.am