Логотип

Վլադիմիր Գասպարյանից ավելի քան 35 մլն դրամ կբռնագանձվի

ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 35 միլիոն դրամ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։

Նշվում է, որ դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ:

«2020 թվականի հունիսի 24-ին դատախազը քրեական գործից անջատված մասը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնել էր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Դատախազը նաև քաղաքացիական հայց էր հարուցել ամբաստանյալներ՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի, ոստիկանության ներքին աուդիտի վարչության նախկին պետ Վարդան Թունյանի և ոստիկանության զորքերի զորամասի նախկին հրամանատար Գուրգեն Գրիգորյանի դեմ։ Հանրային մեղադրողը հայցել էր Գասպարյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 35 միլիոն 200 հազար դրամ, Թունյանից՝ 6 միլիոն 513 հազար դրամ, այնուհետև, Երանոսյանից, Թունյանից և Գրիգորյանից՝ հօգուտ ՀՀ-ի համապարտորեն բռնագանձել 7 միլիոն 954 հազար դրամ»,- ասված է հաղորդագրությունում։

Նշվում է նաև, որ Հակակոռուպցիոն դատարանի կողմից բավարարված՝ Լևոն Երանոսյանի, Վարդան Թունյանի և Գուրգեն Գրիգորյանի դեմ ներկայացված 7 միլիոն 954 հազար դրամի քաղաքացիական հայցը թողնվել է առանց լուծման։ Դատախազությունից հայտնում են նաև, որ իրենք առաջիկայում քաղաքացիական հայց կներկայացնեն։ Գերատեսչությունից նաև ընդգծում են՝ Վարդան Թունյանի դեմ 6 միլիոն դրամի հայցը բավարարվել է մասնակի: Դատավճիռը մնացած մասով թողնվել է անփոփոխ:

2025 թվականի հուլիսի 23-ին դատախազության կողմից ներկայացվել էր վճռաբեկ բողոք, որը վարույթ չի ընդունվել:

Դատախազությունը հայտնում է, որ Հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի հուլիսի 9-ի դատավճռով ամբաստանյալ Վլադիմիր Գասպարյանին մեղավոր էր ճանաչել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու (երկու դրվագ) և ազատել էր նրան քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով։ Գասպարյանը մեղավոր էր ճանաչվել նաև առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելու (երկու դրվագ) և նրա նկատմամբ, որպես պատիժ էր նշանակվել յուրաքանչյուր դրվագի համար ազատազրկում՝ 5 տարի ժամկետով։ Վերջնական հիմնական պատիժ էր նշանակվել ազատազրկում 6 տարի ժամկետով: 2018 թվականի նոյեմբերի 6-ին ուժի մեջ մտած՝ «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի կիրառմամբ՝ ամբաստանյալ Վլադիմիր Գասպարյանն ազատվել էր ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելուց։

Ամբաստանյալներ Լևոն Երանոսյանը, Վարդան Թունյանը և Գուրգեն Գրիգորյանը ևս մեղավոր էին ճանաչվել, ազատվել էին քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով և, այդ թվում՝ համաներում կիրառելու արդյունքում, ազատվել էին ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելուց։ Դատախազության կողմից ներկայացված քաղաքացիական հայցը բավարարվել էր մասնակի: 2024 թվականի օգոստոսի 16-ին դատախազը վերաքննիչ բողոք էր ներկայացրել:

2025 թվականի մայիսի 27-ին Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը որոշում էր կայացրել Հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 9-ի դատավճիռը մասնակիորեն բեկանելու և բեկանված մասով նոր դատական ակտ կայացնելու մասին: Մասնավորապես՝ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատական ակտով Վարդան Թունյանը մեկ դրվագով արդարացվել էր և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր:

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունն այսօր միջնորդագիր էր ուղարկել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենին՝ Դրախտիկ բնակավայրում գտնվող՝ ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի կնոջ մոր անունով օրենքի խախտմամբ գրանցված հողամասի պայմանագիրը լուծելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:

Sputnik Արմենիա