Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում Ազատի զինվորական կացարանի հրդեհի գործով հերթական դատալսումն անցնում է թեժ մթնոլորտում. 15 ժամկետային զինծառայողների ծնողները զորամասի հոգեբան-սպա Վահագն Ներսիսյանի՝ դատարանում տրված ցուցմունքի և իրենց ասված նախնական խոսքի մեջ անհամաձայնություն են տեսնում։
Իրավիճակը լարվեց, երբ Վահագն Ներսիսյանը, պատասխանելով հրդեհից փրկված զինծառայող Գարուշ Սարգսյանի մասին հարցերին` ասաց, թե ամենասկզբում իր իսկ վարկածն է եղել, որ նա դռնով է դուրս եկել։
«Զորամասում արդեն հետո քննարկել ենք գլոբալ ու իմացել ենք, որ Գարուշը դուրս է եկել պատուհանից»,- ասաց նա։
Ծնողները բարկացան ու տեղից դիմելով վկային` ասացին, թե դեպքից հետո իրենց ասել էր` Գարուշ Սարգսյանն է իրեն պատմել, թե ինչպես է փրկվել, իսկ հիմա ասում է նախաքննության վարկածը։
«Դու ինձ չե՞ս ասել, որ քեզ Գարուշն է ասել, որ «բուշլաթը» գցել է վրան ու դուրս եկել դռնից։ Հարցրել եմ՝ որ պետք է լինի, կասե՞ս դատարանում, ասել ես «դաժե» վատ բառով, թե չասողը…»,- ասաց ծնողներից մեկը։
Սակայն վկան մինչև վերջ պնդեց, որ այդ տեղեկությունն ինքը չի ասել, իսկ որ Գարուշ Սարգսյանը դուրս է եկել դռնով, զուտ իր անձնական կարծիքն է եղել՝ ելնելով իրավիճակից։ Զորամասի հոգեբանը պատմեց, որ ինժեներասակրավորների վաշտի զինվորների հետ մշտապես շփվել է, ճանաչել է բոլորին, նրանցից որևէ մեկի մոտ տրամադրության խանգարում չի հայտնաբերել, ավելին` նրանց համարել է հոգեբանորեն շատ ուժեղ։
«Գագիկ Բարսեղյանը (հրդեհից մահացած զինծառայողներից մեկը – խմբ.) իմ համագյուղացին էր, այդ երեխան աչքիս դիմաց է մեծացել, բայց նա ո՛չ սպաների ու զինվորների փոխհարաբերությունների լարվածության, ո՛չ էլ հնարավոր բռնության մասին ոչինչ չի պատմել»,- նշեց Վահագն Ներսիսյանը։
Վկայի ցուցմունքին հաջորդեցին որոշ ծնողների հայհոյանքները։ Մինչ այդ էլ զինծառայողների ծնողները բարկացան դատախազի հարցադրումններից և հայտարարեցին, թե «հարց է տալիս հարց տալու համար, ծեծված հարցեր են»։
Տուժողների իրավահաջորդների փաստաբան Նորայր Նորիկյանն արձագանքեց վկայի ցուցմունքին՝ ասելով, թե նա անպատասխանատու հայտարարություն է արել։
«Չե՞ք մտածել՝ կարող է ճակատագրական լինել ծնողների համար։ Ինչո՞ւ պետք է հիմա Ձեր խոսքն ավելի արժանահավատ համարի դատարանը, քան դեպքի սկզբնական փուլում, որ ասել եք ծնողներին, մահացած զինծառայող Գագիկ Բարսեղյանի հորը՝ Արման Բարսեղյանին»,- նշեց Նորայր Նորիկյանը։
Sputnik Արմենիա