«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն ներկայացրել է ArcaQR համակարգը՝ վճարումներ QR-ով, որոնք կատարվում են մեկ սքանով՝ անմիջապես բանկային հաշվից։
ARCAQR–Ը ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-ԻՆ` ամենօրյա վճարումները դարձնելով ավելի պարզ ու հարմար։ ArcaQR համակարգին մասնակից բանկերի օգտատերերը կկարողանան մուտք գործել բանկի մոբայլ հավելված, սքանավորել QR-ը և կատարել վճարումը ցանկացած բանկային հաշվից։
«Արմենիան Քարդ» ՓԲԸ գործադիր տնօրեն Վարդան Խաչատրյանը նշել է․ «ArcaQR-ը մեր հերթական քայլն է՝ զարգացնելու անկանխիկ վճարումների մշակույթը Հայաստանում։ Մենք համոզված ենք, որ QR վճարումները կդառնան առօրյայի մի մասը՝ առաջարկելով սպառողներին հարմարավետություն, բիզնեսներին` պարզ ու մատչելի վճարումների հնարավորություն, իսկ գործընկեր բանկերին՝ մոբայլ հավելվածի օգտագործման հաճախականության ավելացում»։
Ամերիաբանկի Մանրածախ բանկինգի գծով տնօրեն Արման Բարսեղյանը նշել է․ «Ուրախ ենք միանալ ArcaQR նախաձեռնությանը, որի մեկնարկը կարևոր քայլ է ոչ միայն հաճախորդների սպասարկման մակարդակի բարձրացման, այլև` ամբողջ համակարգի համաչափ և կայուն զարգացման ուղղությամբ։ Ամերիաբանկը հետևողականորեն ներդնում է նորարար լուծումներ՝ նպաստելով անկանխիկ վճարումների զարգացմանը և հաճախորդների համար առավել հարմարավետ գործիքների կիրառմանը։ Լիահույս ենք, որ միասնական QR վճարումները կնպաստեն թվային վճարումների ավելի լայն տարածմանը և մեր հաճախորդների փորձառության բարելավմանը»։
ArcaQR համակարգին միացել են նաև Արդշինբանկը, ԱրարատԲանկը, Էվոկաբանկը, Կոնվերս Բանկը և Հայէկոնոմբանկը:
Ամերիաբանկի մասին
Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո՝ Բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։
Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: