Логотип

Վստահորդս դրա հետ կապ չունի․ գրառման համար կալանավորված 55-ամյա կնոջ պաշտպանը՝ գործի մասին

Նախքան նախաքննական մարմնի կողմից քրեական վարույթի հարուցումը ախուրյանցի 55-ամյա Անի Պիճոյանը ոստիկանություն է դիմել, հայտնել, որ իր անունով կեղծ էջ է բացվել, և խնդրել է զբաղվել այդ գործով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Արտակ Մովսիսյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ախուրյանում 55-ամյա կնոջ նկատմամբ 1 ամսով կալանք է կիրառվել՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ բռնության կոչ անելու համար։

«Իմ վստահորդը գրառման հետ կապ չունի։ Մոտ 1 շաբաթ առաջ նա տեսել է համացանցում, որ նման բան է տարածվում, ինքն է ահազանգել, ոստիկանությանը խնդրել միջոցներ ձեռնարկել։ Իսկ փետրվարի 18-ին նրան ձերբակալել են։ Ես գրառման բովանդակությունը չեմ կարող հիմա բացահայտել, բայց այն որակվել է որպես բռնություն գործադրելու հրապարակային կոչ և խուլիգանություն, որը կատարվել է տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ»,- նշեց փաստաբանը։

Նա ուշադրություն հրավիրեց ևս մի հանգամանքի՝ խոսքը ոչ թե հրապարակային գրառման, այլ մասնավոր նամակագրության մասին է՝ օգտատերերի միջև, որը հետագայում մեկ այլ անձ նկարել է և տարածել համացանցում ու դա որակվել է որպես հրապարակային խոսք։ Փաստաբանը շեշտում է՝ իր վստահորդը տնային տնտեսուհի է, հասարակական գործիչ չէ, պարզապես որոշակի համակրանք ունի ընդդիմադիր ուժերից 1 նկատմամբ, հայտարարել է դրա մասին, համացանցում որոշակի հրապարակումներ է արել դրա վերաբերյալ։ Կարծում է՝ այս ամենի նկատմամբ նման կոշտ վերաբերմունքի պատճառը ոչ թե այդ համակրանքն է, այլ այն, որ գրառման բովանդակությունը վերաբերել է ՀՀ վարչապետին և նրա ընտանիքի անդամներին։

«Միայն մի բան է հստակ՝ իմ վստահորդն այդ ամենի հետ կապ չունի»,- շեշտեց Մովսիսյանը։

55-ամյա կինն արդեն քրեակատարողական հիմնարկում է։ Պաշտպանական կողմը պատրաստվում է բողոքարկել դատարանի որոշումը։