Логотип

Վստահ ենք, որ արդարությունը պետք է վերականգնվի. միասնական աղոթք Սաղմոսավանքում

Ամենշաբաթյա միասնական աղոթքն այս անգամ Սաղմոսավանքում էր։ Արագածոտնի թեմի հոգևորականները հավատացյալների հետ աղոթեցին կալանավորված հոգևորականների և բոլոր ապօրինի ազատազրկվածների, գերեվարված հայորդիների համար։

Ինչպես հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը, ժամերգությանը մասնակցող հավատացյալների թիվն այնքան մեծ էր, որ անգամ դժվար էր դռնից ներս մտնել։

«Մենք աղոթք ենք բարձրացնում իրենց տնից, օջախներից հեռու գտնվող հոգևորականների, մեր զավակների և եղբայրների համար։ Աղոթք ենք բարձրացնում նաև նրանց համար, ովքեր իրենց մոր ձեռքից ջուր խմելու ու մորը ջուր տալու կարիք ունեն։ Վստահ ենք՝ արդարությունը պետք է վերականգնվի»,- միասնական աղոթքից հետո ասաց Սաղմոսավանքի հոգևոր հովիվ տեր Փառեն քահանա Առաքելյանը։

Բյուրականի սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը, անդրադառնալով Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքին, նշեց, որ նա կալանավորված է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի ազգականը լինելու համար։

«Որևէ պատճառ չկա մեր սրբազան հորը կալանքի տակ պահելու։ Տեսնում ենք, որ դատավորը կաշկանդված է, կատարում է մեկ մարդու կամք, ու այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է։ Սրբազան հայրը կալանավորված է զուտ վեհափառ հայրապետի հետ ազգակցական կապ ունենալու համար։ Այդ նույն տրամաբանությամբ կալանքի տակ են նաև կաթողիկոսի եղբայրն ու եղբոր տղան։ Ամեն կերպ վեհափառի նկատմամբ ճնշում է գործադրվում։ Տեսնում ենք նաև, որ այն անձինք, որոնք պետք է մեղադրյալի աթոռին լինեին, այժմ տուժող են ներկայացվում»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց տեր Վրթանեսը։

Նա շեշտեց՝ իրենք որևէ պատժից չեն նեղվում, հալածանքները, նեղությունը և տառապանքն իրենց չի ընկճում։ Վստահեցրեց՝ սրբազան հայրը լինի բանտում, թե այլ տեղ, միևնույնն է՝ սրտով, հոգով իրենց հետ է, իրենք էլ՝ Մկրտիչ եպիսկոպոսի։

Քահանան ընդգծեց, որ իշխանությունը չի կարող անօրեն ու հակասահմանադրական կեցվածքով վախեցնել իրենց։

Հաջորդ միասնական աղոթքը կկայանա փետրվարի 5-ին՝ 19:00-ին, Կոշի Սուրբ Գևորգ եկեղեցում։