Հայաստանում իբր հատուկ ռազմական գործողություն անցկացնելու Սոլովյովի իբր կոչի հետ կապված ողջ այս պատմության մեջ կա ևս մեկ ուշագրավ պահ: Այն մասին, որ կոչ որպես այդպիսին չի եղել, և Հայաստանը չի հիշատակվել Նիկոլի նվիրյալների վրդովմունքը հարուցած առաջարկի մեջ, արդեն խոսվել է։ Բայց զավեշտալին այն է, որ ձևացնելով, թե շատ են վրդովվել, ՀՀ ԱԳՆ են հրավիրել ՌԴ դեսպանին ու բողոքի նոտա հանձնել նրան…
ԵԿԵՔ ՄԻ ՊԱՀ ԿԱՆԳ ԱՌՆԵՆՔ: Ռուսաստանցի լրագրողը, այո՝ հայտնի, այո՝ կենտրոնական հեռուստաալիքում իր հաղորդումն ունեցող, բայց ոչ պետական հեռուստատեսության եթերում, այլ իր ալիքով կարծիք է հայտնել, որը, այո, եթե շատ ցանկանանք, կարելի է մեկնաբանել նաև որպես մարտահրավեր Հայաստանին: Եթե ցանկանանք … Բայց նույնիսկ այդ դեպքում, եթե համարենք, թե Սոլովյովը սպառնացել է Հայաստանին, ապա ի՞նչ: Նա Ռուսաստանի ո՛չ օրենսդիր, ո՛չ գործադիր, ո՛չ դատական իշխանությունների ներկայացուցիչ չէ։ Նրա հայտարարությունների պատճառով ԱԳՆ կանչել Ռուսաստանի դեսպանին ու բողոքի նոտա հանձնե՞լ։
Եկեք պատկերացնենք, թե ինչ կլիներ, եթե Ռուսաստանում Հայաստանի դեսպանին կանչեին ՌԴ ԱԳՆ և բողոքի նոտա հանձնեին ամեն անգամ, երբ Հայաստանի այս կամ այն հասարակական կամ քաղաքական գործիչ, ոչ թե լրագրող, այլ քաղաքական գործիչ կամ իշխանության այս կամ այն ճյուղի ներկայացուցիչ, ոչ թե իր մասնավոր ալիքով, այլ Հայաստանի հեռուստաալիքների, այդ թվում գլխավոր հեռուստաալիքի եթերում իրեն թույլ տար այնպիսի արտահայտություններ, որոնք ոչ թե պարզապես գնահատվեին որպես հակառուսական, այլ հենց այդպիսին էլ լինեին։ Պարզ ու հստակ։
Ի՞նչ կլիներ, եթե նման դեպքերում ՌԴ-ում ՀՀ դեսպանին ամեն անգամ կանչեին ՌԴ ԱԳՆ։ Հուշենք: Այն դեպքում ՌԴ-ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը, անշուշտ, պիտի պարզապես վրան խփեր ՌԴ ԱԳՆ ընդունարանում, որպեսզի ամեն օր, նույնիսկ ամեն ժամ վազեվազ չգնար-գար…
Ուրեմն ինչո՞ւ Հայաստանի ԱԳՆ-ը որոշեց բողոքի նոտա հանձնել։ Դե, այո, հասկանալի է, որպեսզի հաճոյանա հայ արևմտամետ քաղաքական ու հասարակական «ախպերությանը», հաստատի, որ իշխանությունները հավատարիմ են մնում Ռուսաստանի վարկաբեկման պարտավորություններին։ Բայց ոչ միայն դա:
ՀՀ ԱԳՆ պահվածքը թերարժեքության սուր արտահայտված բարդույթի դասական դրսևորում է։ Այդպես է սովորաբար պահում իրեն այն մարդը, որն ամեն անգամ իր պարտքն է համարում ապացուցել, որ ինքն ունի դիրքորոշում, ունի սեփական արժանապատվության զգացում և այլն։ Հիվանդ ինքնասիրություն ունեցող մարդը:
Բողոքի նոտա ներկայացնել այս կամ այն երկրին, առավելևս՝ այն երկրին, որին համարում ես ռազմավարական դաշնակից, չես ժխտում դա, և որը առաջատար, անփոխարինելի դեր է խաղում քո տնտեսական կյանքում, չենք խոսում արդեն անվտանգության ոլորտի մասին, հանդես գալ բողոքի նոտայով, լրագրողի արտահայտած կարծիքի համար կանչել դեսպանին… Թերարժեքության գավառական բարդույթի դրսևորում, իբր՝ տեսեք, թե ինչ ինքնիշխան ենք մենք, ինչ անկախ։
Հայրենի ռուսատյացները հաճախ են սիրում ասել, որ թույլ չեն տա, որ Հայաստանը դառնա Ռուսաստանի «գուբեռնիա»։ Պաշտոնական Երևանի արձագանքը լրագրող Սոլովյովի արտահայտություններին հենց «գուբեռնիական» բարդույթի դրսևորում է։
