Логотип

Վրաստանը հետաձգել է Վերին Լարս տանող թունելի շինարարության ավարտի ժամկետը

«Վերին Լարս» անցակետ տանող թունելի կառուցման ավարտի ժամկետը հետաձգվել է մինչև 2028 թվականը։ Այս մասին հայտնել է Վրաստանի ենթակառուցվածքների փոխնախարար Մզիա Գիորգոբիանին։

Ավելի վաղ աշխատանքների ավարտի ժամկետը 2024 թվականից տեղափոխվել էր 2025 թվական։ Այժմ, փոխնախարարի խոսքով, թունելն ամբողջությամբ պատրաստ կլինի և շահագործման կհանձնվի 2028 թվականին։

Խոսքը Խաչի լեռնանցքի տակ գտնվող 9–կիլոմետրանոց թունելի մասին է, որը Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս մայրուղու ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի-Կոբի) շրջանցող ճանապարհի մի մասն է: Թունելը երեք գիծ է ունենալու, երթևեկությունն անխափան իրականացվելու է երկու ուղղություններով: Յուրաքանչյուր 500 մետրը մեկ թունելից տարհանման ելքեր են լինելու։

նոր ճանապարհի կառուցման ավարտից հետո ձմեռային շրջանում երթևեկությունը դեպի Վերին Լարսի անցակետ այլևս չի սահմանափակվի:

Ներկայիս ճանապարհի երկարությունը 34 կմ է, նոր ճանապարհն այն կկրճատի ևս 11 կմ-ով: Եթե հիմա այդ ճանապարհն անցնում են մեկ ժամում, ապա նախագծի ավարտից հետո 15 րոպե կպահանջվի:

Այսպիսով, Թբիլիսիից մինչև Ստեփանծմինդա (ՌԴ-ի հետ սահմանին) հասնելու ժամանակը 2 ժամ 30 րոպեից կկրճատվի մինչև 1 ժամ 45 րոպե:

Գործող ճանապարհի երթևեկությունը եղանակային պայմանների պատճառով տարեկան միջինում 90 օր փակ է կամ դժվարանցանելի բեռնատարների համար:

Կոբի գյուղից մինչև Քվեշեթի 23 կմ շրջանցիկ հատվածի շինարարության ավարտը թույլ կտա շուրջօրյա անխափան երթևեկություն ապահովել այդ տարածքով դեպի Ռուսաստան: Սա կարևոր է նաև Հայաստանի համար. հայկական բեռնատարները կկարողանան անարգել հասնել Ռուսաստան՝ առանց շաբաթներ շարունակ հերթերի մեջ մնալու։

Sputnik Արմենիա