Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանին Անկարայում մասնակցել է Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպմանը: Դրա մասին հայտնել է Վրաստանի պաշտպանության նախարարությունը:
Ըստ Վրաստանի Առաջին ալիքի՝ Չիկովանին իր թուրք և ադրբեջանցի գործընկերներ Յաշար Գյուլերի և գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության հարցեր, ինչպես նաև եռակողմ համագործակցության զարգացման ծրագրեր:
Չիկովանին նշել է, որ Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան եռակողմ համագործակցության ձևաչափը նպաստում է երեք երկրի զինված ուժերի կապերի սերտացմանը և փոխգործունակության ամրապնդմանը: Այս առումով նշվել է եռակողմ զորավարժությունների և ռազմական կրթության ոլորտում համագործակցության դինամիկան: Եռակողմ պաշտպանական համագործակցությունը նպատակ ունի սերտ կապեր հաստատելու պաշտպանական ուժերի միջև:
Նախարարները քննարկել են տարածաշրջանում անվտանգության իրավիճակը և այս համատեքստում ընդգծել եռակողմ համագործակցության ձևաչափի կարևորությունը: Գործընկերները տեղեկություններ են փոխանակել պաշտպանական բարեփոխումների վերաբերյալ:
Եռակողմ հանդիպումից հետո նախարարները ստորագրել են համատեղ հռչակագիր և հայտարարություններ արել համագործակցության հետագա ամրապնդման վերաբերյալ: Հանդիպման շրջանակում Իրակլի Չիկովանին հանդիպել է իր թուրք և ադրբեջանցի գործընկերների հետ, ինչպես նաև՝ երկկողմ հանդիպումներ ունեցել։
News.am