Логотип

Վրաստանի պետանվտանգության ծառայությունը հայտնել է մեծ քանակությամբ հրազենի և պայթուցիկ նյութերի հայտնաբերման մասին

Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը հայտնել է մեծ քանակությամբ հրազենի և պայթուցիկ նյութերի հայտնաբերման մասին, հաղորդում է Վրաստանի Առաջին ալիքը։

«Օպերատիվ տեղեկատվության հիման վրա իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է մեծ քանակությամբ հրազեն, ռազմամթերք և պայթուցիկ նյութեր՝ դետոնատորներով», — նշված է գերատեսչության հայտարարության մեջ։

ՊԱԾ-ի տվյալներով, գործի նյութերի համաձայն, Ուկրաինայում գործող զինված ստորաբաժանումներից մեկի վրացի ներկայացուցչի հանձնարարությամբ, ինչը հաստատվում է բազմաթիվ ապացույցներով, Վրաստանի քաղաքացի Բ.Չ.-ն ձեռք է բերել մեծ քանակությամբ հրազեն, ռազմամթերք և պայթուցիկ նյութեր։

«Առկա օպերատիվ տեղեկատվության համաձայն, նշված ռազմամթերքը նախատեսված էր օգտագործել կազմակերպված խմբային բռնությանը և հոկտեմբերի 4-ին Թբիլիսիում նախագահական պալատի գրավման փորձին զուգահեռ դիվերսիոն գործողությունների համար։ Պետական անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված կանխարգելիչ միջոցառումների արդյունքում հաջողվել է վնասազերծել այն անձանց խմբին, որոնք պետք է տեղափոխեին նշված ռազմամթերքն ու պայթուցիկ նյութերը Թբիլիսիի կենտրոն», — նշված է հայտարարության մեջ։

Հայտնաբերված հրազենը, ռազմամթերքն ու պայթուցիկ նյութերը թաքցված են եղել Թբիլիսիի մոտակայքում գտնվող անտառում՝ հատուկ թաքստոցում։ Բացի այդ, պարզվել է այն անձի ինքնությունը, որը Բ.Չ.-ի հանձնարարությամբ պատրաստել է դետոնատորի հեռակառավարման վահանակը։ Վերջինս արդեն տեղափոխվել է ՊԱԾ, և նրա նկատմամբ ընթանում են քննչական գործողություններ։

ՊԱԾ-ի տվյալներով, Բ.Չ.-ն կպատասխանի նշված հանցագործության համար որպես մեղադրյալ և կհայտարարվի հետախուզման մեջ։

News.am