Логотип

Վրաստանում կործանված ինքնաթիռում է եղել նաև Թուրքիայի ռազմաօդային ուժերի շտաբի պետը

Թուրքիայի ռազմաօդային ուժերի կործանված ինքնաթիռում է եղել նաև ռազմաօդային ուժերի շտաբի պետ Իլքեր Այկուտը։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ինքնաթիռում եղել է 20 մարդ` անձնակազմի 4 անդամ և Թուրքիայի ՌՕՈւ 16 սպաներ։

Բացի Այկուտից, մահացել են ռազմաօդային ուժերի սպաներ Սերդար Ուսլուն, Նիհաթ Իլգենը, Ջյունեյթ Կանդեմիրը, Ումիթ Ինջեն, Բուրատ Օզքանը, Էմրահ Կուրանը, Համդի Արմաղան Կապլանը, Աքըն Քարաքուշը, Ռամազան Յագըզը, Էմրե Ալթըոկը, Բուրակ Իբբիգին, Բերկայ Քարաջան, Ահմեթ Յաշար Կույուջուն, Ջեմ Դոլապջին և Էմրե Սայինը:

Sputnik Գրուզիան հայտնում է, որ թուրքական ռազմական ինքնաթիռի կործանման վայրում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվել են ամբողջ գիշեր։

Դեպքի վայրում են եղել Վրաստանի ներքին գործերի և պաշտպանության նախարարությունների ղեկավարները, որոնումներում ներգրավված են զինվորականներ։

Ադրբեջանական լրատվամիջոցներն էլ գրում են, որ ինքնաթիռի կորպուսի վրա արտաքին ազդեցության հետքեր չկան, ինչը բացառում է խոցման վարկածը, այս պահին կործանման երկու հնարավոր վարկած է քննարկվում` տեխնիկական անսարքություն և բեռի սխալ ամրակցում։

Հիշեցնենք` նոյեմբերի 11–ին Վրաստանի տարածքում` վրաց-ադրբեջանական սահմանից 5 կմ հեռավորության վրա, «C-130 Hercules» ռազմատրանսպորտային ինքնաթիռ է կործանվել։ Ինքնաթիռը վերադառնում էր Ադրբեջանից, որտեղ թուրք զինվորականները նոյեմբերի 9–ին մասնակցում էին Արցախի օկուպացմանը նվիրված շքերթին։ Ինքնաթիռն անհետացել էր ռադարներից՝ առանց աղետի մասին ազդանշան ուղարկելու։

Sputnik Արմենիա