Логотип

ՎՐԵԺ՝ ԻՐ ԻՍԿ ՍՏՈՐԱՔԱՐՇՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Չնայած ՇՀԿ գագաթնաժողովի միջոցառումների առատությանը՝ Պուտինի և Ալիևի հարաբերությունների թեման անուշադրության չմատնվեց։ Գագաթնաժողովի նախօրեին Պուտինի օգնական Ուշակովն ասաց, որ հանդիպում նախատեսված չէ, սակայն դա բացառել չի կարելի, քանի որ առաջնորդները լինելու են «նույն սեղանի շուրջ»:

Պուտինի ժամանակացույցով հանդիպում նախատեսված չէր նաև Փաշինյանի հետ, բայց այն կայացավ։ Ալիևի հետ շփումներ չեղան, եթե հաշվի չառնենք հերթապահ ձեռքսեղմումը։ Որքա՞ն է խորացել պաղեցումը Մոսկվայի և Բաքվի միջև։ Եվ ինչո՞ւ:

ՇԱՏԵՐՆ ԱՐԴԵՆ ԱՐՁԱՆԱԳՐԵԼ ԵՆ, ՈՐ ՄՈՍԿՎԱՅԻՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ ՆԵՏՈՂ ԱԼԻԵՎԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ պայմանավորված է հայկական Արցախի էջի փակմամբ և այնպիսի գործոններով, ինչպիսիք են ռուս-ուկրաինական հակամարտությունը, Մոսկվայի և Արևմուտքի դիմակայությունը, տարածաշրջանում թուրքական ազդեցության ուժգնացումը, բայց առաջին հերթին՝ ղարաբաղյան հակամարտության փակումը: Մոսկվայի հետ հարաբերություններն Ալիևի համար այլևս այնքան կարևոր չեն, որքան նախկինում։

Եվ այդուհանդերձ սա լիակատար բացատրություն չէ: Այո, Մոսկվայի հետ հարաբերություններն այնքան կարևոր չեն Ալիևի համար, որքան նախկինում, բայց մի՞թե դա պատճառ է բաց առճակատման գնալու համար։ Կարծում ենք, ստեղծված իրավիճակը լիովին հասկանալու համար պետք է հաշվի առնել Ալիևի բնավորությունն ու դրանից բխող վարքագծի դրդապատճառները։

Իլհամ Ալիևը քինոտ մարդ է. նրա այսօրվա պահվածքը բացատրվում է Մոսկվայից վրեժ լուծելու ցանկությամբ: Ինչի՞ համար: Հենց նրա համար, որ նախկինում և՛ իր հայրը՝ Հեյդար Ալիևը, և՛ ինքը տարիներ շարունակ ստիպված են եղել սողալ Մոսկվայի, կոնկրետ Պուտինի առջև։ Քծնանքով նայել աչքերի մեջ ու ժպտալ՝ ջանալով կանխատեսել վերջինիս ցանկությունները:

Նրանք այլ գործիքակազմ չունեին։ Բայց այ հիմա… Հայաստանից ու Արցախից Ալիևն արդեն վրեժ է լուծել, բայց կանգ չի առնում։ Արցախի մի շարք ներկայացուցիչներից վրեժն առնել դեռ շարունակում է։

Հիմա ահավասիկ հնարավորություն է ստեղծվել վրեժխնդիր լինել Մոսկվայից և անձամբ Պուտինից, Ալիևի տեսանկյունից՝ նախկին նվաստացումների համար։ Միայն թե չգիտենք, թե որքանով է Ալիևը հաշվի առել Պուտինի բնավորության առանձնահատկությունները։ Իսկ դրանք տվյալ համատեքստում այնպիսին են, որ Պուտինն ինքը կռիվ չի սկսում։ Ավելին, բախումնային իրավիճակների առաջացման դեպքում առաջին հերթին փորձում է լուծել հարցը խաղաղ ճանապարհով, և միայն երբ իրեն այլ ելք չեն թողնում, տալիս է պատասխան հարվածը, և տալիս է դա ողջ թափով։

Ըստ էության, այդպես էր զարգանում նաև հակամարտությունն Ուկրաինայում։ Մենք հիմա չենք շարադրի դրա պատմությունը, բայց թե կա մի բան, ինչում դժվար է մեղադրել Մոսկվային, այն է, թե մինչ իր ռազմական գործողության մեկնարկը բազմիցս ջանքեր չի գործադրել, տարբեր նախաձեռնություններ չի առաջադրել բախումնային հարցերը խաղաղ լուծելու համար։ ՀՌԳ-ն սկսվեց այն բանից հետո, երբ ակնհայտ դարձավ, որ թե՛ Կիևը, թե՛ Արևմուտքը թքած ունեն այդ նախաձեռնությունների վրա։

Ալիևի հետ հակամարտությունը զարգանում է համանման սցենարով։ Պուտինը բազմաթիվ քայլեր ձեռնարկեց իրավիճակը հարթելու համար։ Ալիևին պարբերաբար հրավիրում էին Մոսկվա։ Հաղթանակի շքերթին հրավերով Պուտինի կաբինետից Ալիևին են զանգել ամբողջ երեք առաջնորդներ՝ Պուտինը, Լուկաշենկոն և Ռախմոնը… Ալիևը չեկավ։ Թեև, թվում է, եթե խնդիրը խոցված ադրբեջանական ինքնաթիռի հետ կապված իրավիճակի հարցում թերըմբռնումն էր, ապա խնդրեմ, հարմար առիթ է։ Երեք նախագահները քեզ հրավիրում են Մոսկվա։ Գնա ու քննարկիր խնդիրը:

Բայց երեք նախագահների հրավերն անտեսվեց հենց այն պատճառով, որ խնդիրը ոչ թե օդանավն է, այլ այն, որ Ալիևին պետք է բավարարել վրեժի ծարավը։ Իր և իր հոր համար:

Եվ ահա տեսնում ենք, թե ինչպես է Մոսկվան, սպառելով առաջացած բախման խաղաղ կարգավորման հնարավորությունները, տալիս պատասխանը… Իհարկե, Ադրբեջանի դեմ ՀՌԳ-ի մասին կանխատեսումները չափազանցություն են։ Ուկրաինայում ՀՌԳ-ն սկսվեց ռուսալեզու շրջանների իրավունքների պաշտպանության համար…

Առայժմ Մոսկվայի պատասխան հարվածը բաժին է ընկնում ադրբեջանական համայնքի քրեական կառույցներին, որը քաշ է հավաքել, բացի ամենից, նաև այն պատճառով, որ ուղղորդվել և ուղղորդվում է Ադրբեջանի հատուկ կառույցների կողմից, և դա այնքան էլ մեծ գաղտնիք չէ։ Ամենևին գաղտնիք չէ։

Վերոնշյալը չի նշանակում, թե Ալիևը հետագայում քայլեր չի ձեռնարկի իրավիճակը հարթելու ուղղությամբ, եթե տեսնի, որ իրեն սպառնացող վտանգն աճում է։ Բայց եթե անգամ դա տեղի ունենա և հակամարտությունը մարի, Ադրբեջանի առաջնորդի վարքագծի դրդապատճառները կասկածից վեր են, ինչպեսև այն եզրահանգումները, որ կարվեն այդ դրդապատճառներից։