Логотип

«ՏաԹևեր» ճոպանուղին կրկին ներկայացվել է «World Travel Awards 2025» միջազգային մրցանակի

«ՏաԹևեր» ճոպանուղին նշում է ստեղծման 15-ամյակը և հոբելյանի նախաշեմին հերթական անգամ ներկայացվել է «World Travel Awards 2025» միջազգային հեղինակավոր մրցանակի։

Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությամբ կառուցված և Գինեսի ռեկորդների գրքում գրանցված աշխարհի ամենաերկար (5752մ) հետադարձելի ճոպանուղին առանցքային դեր է ունեցել ոչ միայն Սյունիքի մարզի, այլև Հայաստանի զարգացման համար՝ բարձրացնելով մեր երկրի զբոսաշրջային գրավչությունն ու 3 անգամ միջազգային մրցանակ բերելով Հայաստանին:

Նախաձեռնության հեղինակ Ռուբեն Վարդանյանը ժամանակին հետևյալ կերպ էր բացատրել ճոպանուղու նշանակությունը. «Մեր բոլոր ծրագրերի նպատակն այն է, որ Հայաստանը հայտնվի աշխարհի քարտեզի վրա և հետաքրքիր դառնա թե՛ հայաստանցիների, թե՛ սփյուռքահայերի, ու թե՛ օտարերկրացիների համար: Ամենադժվարը մարդկանց համոզելն է, որ նման ծրագրերը կարող են խթանի դեր խաղալ և իրապես փոխել իրավիճակը երկրում»:

15 տարվա ընթացքում ճոպանուղուց օգտվել է շուրջ 1,5 միլիոն ուղևոր։ Այսօր Հայաստան այցելող յուրաքանչյուր հինգերորդ զբոսաշրջիկ այցելում է Սյունիք: Մարզի զբոսաշրջային հոսքը աճել է 17 անգամ, իսկ ներդրումների ծավալն ավելացել է 11 անգամ: Զբոսաշրջային հոսքերը խթանել են նաև հյուրատնային բիզնեսի զարգացմանը. Տաթևում, Գորիսում և հարակից համայնքներում մոտ 40 նոր հյուրատներ են բացվել: Տաթևը դարձել է նաև մշակութային միջոցառումների և փառատոների անցկացման լավագույն վայր

Այս տարի ևս «ՏաԹևերը» հերթական անգամ ներկայացվել է «World Travel Awards 2025» միջազգային հեղինակավոր մրցանակի՝ «Աշխարհի լավագույն ճոպանուղի» անվանակարգում: Այս նույն անվանակարգում հայկական ճոպանուղին հաղթող է ճանաչվել նաև 2021, 2023 և 2024 թվականներին: «ՏաԹևերն» այս տարի մրցակցում է Բոլիվիայի, Բրազիլիայի, Կանադայի, Նոր Զելանդիայի, ԱՄՆ-ի և ՀԱՀ-ի ճոպանուղիների հետ:

Հայաստանի բնակիչներն ու ճոպանուղու արտասահմանցի այցելուները կարող են իրենց քվեարկությամբ աջակցել «ՏաԹևերին»՝ կատարելով հետևյալ քայլերը`

– անցնել մրցանակաբաշխության պաշտոնական կայքի հղումով,

– գրանցվել էլեկտրոնային փոստով,

– հաստատել ստացված էլեկտրոնային հաղորդագրությունը,

– սեղմել «Start Voting» կոճակը,

– ընտրել «World» բաժինը,

– ընտրել 64 -րդ տողը՝ «World’s Leading Cable Car Ride 2025»,

– քվեարկել «Wings of Tatev, Armenia» -ի օգտին։

Քվեարկությունը կշարունակվի մինչև 2025 թ: հոկտեմբերի 26-ը։

Sputnik Արմենիա