Логотип

Տաթևի վանահայր․ Ալեն Սիմոնյանի հետ պատարագ մատուցելու հետ կապված որևէ պայմանավորվածություն չի եղել

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Սյունիք այցելության ընթացքում եղել է Տաթևի վանքում․ ABC Media-ի հետ զրույցում ասել է Տաթևի վանահայր Տեր Սահակ վարդապետ Շաքարյանը։

«Այո, եկել է, մտել է եկեղեցի, մոմ է վառել և գնացել։ Որևէ խոսք պատարագ անցկացնելու մասին չի եղել։ Իր այցի ժամանակ այնտեղ էր նաև Հայր Միքայելն ու եկեղեցու այլ սպասավորներ»,- ասել է Տեր Սահակը։

Խոսելով կարգալույծ հոգևորականի մատուցած պատարագից և պետական պաշտոնյաների մասնակցությանը՝ Տեր Սահակը ասել է, որ չի ընդունում կարգալույծ եղած քահանայի պատարագը։

«Կարգալույծ եղած հոգևորականը չի կարող պատարագ մատուցել։ Սա միանշանակ է։ Իսկ ով որտեղ է պատարագի մասնակցում, դա իրենց որոշումն է։ Ես այդ հարցին մեկնաբանություն տալու կարիք չեմ տեսնում։ Ես Եկեղեցու մարդ եմ և իմ ծառայության մեջ եմ։ Այսօր ինձ հանձնված է Տաթևի եկեղեցին։ Որպես վանահայր՝ իմ խրամատում եմ։ Պաշտպանում եմ Տաթևի վանքը բոլոր տեսակ ոտնձգություններից»,- ասել է Տեր Սահակը։

Հարցին, թե ինչ կանի, եթե Նիկոլ Փաշինյանը իր նախաձեռնությամբ հրավիրի քաղաքացիներին Տաթևի վանքում պատարագի մասնակցելու, Տեր Սահակն ասաց, որ շարունակելու է պատարագը և ոչ մի արտառոց քայլ չի հաջորդելու նրանց վանքում նկատելուց հետո։

«Չեմ կարող պատարագի մեջ կեսից գնալ և ինչ-որ գործողություն անել։ Ես պիտի ավարտեմ պատարագը։ Եթե վերադասն ասի, որ ինչ-որ մարդիկ իրավունք չունեն մասնակցել, մենք կկատարենք հրահանգը միանշանակ։ Բայց նման հրաման ես երբևէ չեմ ստացել»,- ասել է Տեր Սահակ վարդապետ Շաքարյանը։ Նա հիշեցրել է, որ 1997 թվականից ծառայում է եկեղեցուն, երկրին և ժողովրդին։

«Ես չեմ փոխվել։ Նվիրված եմ եկեղեցուն, ժողովրդին և հայրենիքին։ Միշտ պատրաստ եմ ծառայելու և զոհվելու, եթե պետք լինի»,- եզրափակել է վարդապետը։